Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար 42-ամյա Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայ մի փոքր դինամիկա է նկատվում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Բուդաղյանի բուժող բժիշկ Սևակ Շահբազյանն էլ նշել է, որ այսօր արդեն հիվանդին օգնել են նստել, գալիք 1-2 օրերին նա արդեն կսկսի քայլել, իսկ մոտակա օրերին, հավանաբար, կտեղափոխվի ընդհանուր բաժին:
Բժշկի գնահատմամբ՝ Բուդաղյանը ունակ կլինի շարունակել իր մասնագիտական գործունեությունը:
Նշենք, որ միջադեպի հետևանքով վնասվել էր Բուդաղյանի լյարդը: Բժշկի խոսքով՝ վիրահատության ժամանակ նրա մարմնից մեկ գնդակ են հանել: Այժմ լյարդի աշխատանքը վերակնգնվել է:
Բժիշկն ասել է նաև, որ հիվանդի հետ միջադեպի մասին չեն խոսում, հարցնում են միայն առողջական վիճակի մասին: