Ազատամարտիկները Ազատության հրապարակ հասնեու համար գումար չունեն, այլապես բոլորն էլ կմիանային երեկ մեկնարկած եռօրյա նստացույցին: Այսպիսի կարծիք է հայտնել Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկ Ռոբերտ Ավագյանը:
«Որ նայում ես, թե ինչ վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանում ազատամարտիկների նկատմամբ, ուղղակի ահավոր ա: Բազմիցս դիմել եմ նախարարության շինվարչության բնակբաժին, քանի որ բնակարանի կարիք ունեմ, պատասխանում են՝ գումար չունենք», – պատմել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այս պահին շինվարչության բնակբաժնում կա 160 ազատամարտիկի դիմում:
«Դիմեցինք, ասում են՝ 2005 թվականին հրաման են հանել, որ ազատամարտիկներին բնակարակ չի տրվելու, լինելու է փոխհատուցում, ինչը մինչև հիմա չեն տվել: Վերջին նիստին, երբ նորից ասացին, որ գումար չկա, ես էլ հարցրի, թե էդ ո՞նց եղավ, որ Զորի Բալայանին 314 միլիոն տվեցին, որ նավը օվկիանոսով քշեր, Հովիկ Աբրահամյանը դառել ա «ոսկե ձկնիկը», չէր ուզում կոմունիստների սարքած զալում նիստեր անցկացներ՝ 480 միլիոն տվեցին, զալը կլորացրեց: Հիմա էլ հրապարակն են ուզում վերանորոգեն: Թող էդ փողերից մի քիչ էլ տան ազատամարտիկներին՝ մեկը ոտք չունի, մեկը՝ թև, մեկն էլ հացի փող չունի, որ գա ստեղ: Լավ, սրա վերջը ի՞նչ պիտի լինի, չէ՞ որ այսօր սրանք են էս երկիրը պահողները»,- հարցրել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը ներկայացնում են այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ փախնում էին, հիմա էլ «կնոպկա են սեղմում»:
«Կնոպկա սեղմողներ են դրանք, որ բժիշկը կողքինի փոխարեն կնոպկա սեղմի, Հերմինե Նաղդալյանը նույնպես: Կամ Շուշան Պետրոսյանին տարան դեպուտատ դրեցին՝ ի՞նչ օրենք պիտի գրի նա, նա օրենք գրո՞ղ ա: Կուսակցությունների նախագահներն էլ դարձել են էն ծիտը, որ ցորենը ջրում են, էդ ջրողի հետ թռնում ա ստեղ, էռնում ա ընդեղ: Էդպիսին են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանը: 10 տարի խաբեցին ժողովրդին, հետո պարզվեց, որ էս իշխանավորների ընկերներն են: Ժողովրդին լարված պահեցին, որ իշխանությունն իրա սև գործն անի: Ուշադիր նայեք, էս մարդիկ ԱԺ-ում թերթը գլխներին դրած քնած են, իսկ մենք կոտորվում ենք: Մեղք ենք չէ՞, չի կարելի», -եզրափակել է Ավագյանը: