Երեքշաբթի օրավանից ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում ներկայացնում է «Առկախված հարցերի և ապագայի մասին հոդվածը»: Հոդվածի այսօրվա հատվածում նա խոսում է ԱԺ-ում Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման և դրա վերաբերյալ իր դիրքորոշման մասին: Ներկայացնում ենք հոդվածի մի մասը, ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
«ԱԺ-ում այս հարցի քննարկումը հետաքրքիր անցավ։ ՀԱԿԿ ներկայացուցիչ հիմնական զեկուցողը ԱԺ ամբիոնից քնքշորեն ասաց՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան (11.04.2013): Բա ու՞ր են ֆեյսբուքյան ակտիվիստները, բա ու՞ր մնաց սպանդը, ոճրագործությունը, պետական հեղաշրջումը, ընտրությունների կեղծումը։
Քննարկումը սրա համար էի՞ք անում, որ Սերժ Սարգսյանին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ» հռչակեք։ Իսկ ՀԱԿԿ փոխնախագահ Լ. Զուրաբյանը խփեց բոլոր ռեկորդները: Մարտի 1-ի հանձնաժողովի ձևավորման որոշման նախագծի քվեարկությունից առաջ, ԱԺ նիստում վարման կարգով ձայն խնդրելով՝ նա հայտարարեց. «… այս քվեարկությունը լինելու է իրականում քվեարկություն, թե ով է պատասխանատու մարտի 1-ի հանցագործության համար» (20.05.2013):
Սա իսկապես ռեկորդային հայտարարություն էր։ Ի՞նչ էր նշանակում, մի՞թե այն, որ բոլոր կողմ քվեարկածները պատասխանատու չեն Մարտի 1-ի ոճրագործության համար։ Գուցե սա նորմալ լիներ, եթե չլիներ մի նրբություն։ Նախագծին կողմ է քվեարկել նաև 2008թ. ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով ներկայումս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ է։ Եթե ուրիշ բան չասենք, 2008թ. Մարտի 1-ի զոհերից երեքը զոհվել են «Չերյոմուխա-7» զինատեսակի գործադրմամբ։ «Չերյոմուխա-7» եղել է միայն ու միայն ՈԶ տրամադրության տակ, ասել է թե՝ դրանք չէին կարող կրակվել առանց Գ. Գրիգորյանի հրամանի։ Էդ ո՞նց եղավ, որ նա, ըստ Զուրաբյանի, պատասխանատու չէ Մարտի 1-ի հանցագործության համար։
Սա, ընդ որում, կարևոր է նրանով, որ հայտարարության պահին Զուրաբյանը գիտեր, որ Գրիգոր Գրիգորյանը «կողմ» է քվեարկելու, իսկ Գրիգորյանը գիտեր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, այսինքն՝ հանձնաժողով չի ձևավորվելու: Դեռ քիչ է, որ 2012-ին ՀԱԿ-ի ներկայացուցիչը «կողմ» է քվեարկել, որ Գրիգոր Գրիգորյանը ընտրվի ԱԺ՝ ՆԳ, ԱԱ և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հիմա էլ նրան ազատում են Մարտի 1-ի պատասխանատվությունից։ Ու սա անում են նրանք, ովքեր ինձ մեղադրում էին, թե ուզում եմ Սերժին ու Ոոբին մաքրել Մարտի 1-ի արյան պատասխանատվությունից։ Բայց ՀԱԿԿ-ի թողարկած «ինդուլգենցիան» հավասարապես վերաբերում է նաև Վ. Օսկանյանին, որն ըստ Զուրաբյանի հայտարարության տրամաբանության, այլևս պատասխանատու չէ Մարտի 1-ի հանցագործության համար։ Նույնը վերաբերում է նաև Գ. Ծառուկյանին, ով ՀԱԿ-ի կողմից հրապարակված հայտնի ցուցակում հիշատակված էր Մարտի 1-ի պրոցեսները կազմակերպած օլիգարխների շարքում։ Ի դեպ, ՀԱԿԿ ներկայացուցիչները վերջին շրջանում լուրեր են շրջանառում, որտեղ փորձում են Ծառուկյանի հայտնվելը ցուցակում ինչ-ինչ թյուրիմացությամբ կամ դավադրությամբ բացատրել, ինչպես և Ռ. Հայրապետյանի չհայտնվելը։ Բայց սա պատերի տակի խոսակցության թեմա չէ։ Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ նշանակածները թող հրապարակային, կոնկրետ բացատրություն տան իրենց նշանակած մարդու գործունեության համար, վերջինս էլ, ենթադրում եմ՝ իր տեսակետը կներկայացնի, և մենք բոլորս ի վերջո կիմանանք, թե ինչն-ինչոց է, կամ եզրակացության գալու հնարավորություն կունենանք։ Իսկ քանի դեռ հրապարակային բացատրություններ չեն տրվել, այդ ամենն առուծախի տպավորություն է թողնում։ Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է քվեարկել Մարտի 1-ի հանձնաժողով ձևավորելու նախագծին։ Նշանակում է՝ կիսով չափ ազատվե՞ց Մարտի 1-ի հանցագործության պատասխանատվությունից։ Փաստորեն, եթե մի հատ էլ նույնաբովանդակ մի հարցի ձեռնպահ լինի, լրիվ կազատվի, երկու «ձեռնպահը» մի «կողմի» տեղ չի՞ անցնում»: