հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը պատմել է՝ ինչու ապրիլի 9-ին «հեղափոխություն չի արել»

Նիկոլ Փաշինյանը պատմել է՝ ինչու ապրիլի 9-ին «հեղափոխություն չի արել»

«Որոշակի շրջանակներում մինչև օրս խոցեր են փնտրում 2013թ. նախագահական ընտրությունների ետընտրական պրոցեսներում իմ մասնակցության մեջ: Սկզբում, երբ հայտնվեցի Ազատության հրապարակում՝ ոմանք սկսեցին սոցիալական ցանցերում շրջանառել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նախկինում իմ գրած հոդվածները: Ես, իհարկե, ուրախ եմ, երբ իմ որևէ հոդված վերհիշվում է, ուղակի դեմ եմ, որ դա օգտագործվի ճղճղիմ նպատակներով: Եթե արխիվներով ենք զբաղվում, եկեք հանենք իմ հոդվածները գրված՝ 1992, 93, 94, 95, 96, 97 թվասկաններին: Ես դրանք ի՞նչ է, հերքե՞լ եմ»: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի «Առկախված հարցերի և ապագայի մասին» հոդվածի հերթական հատվածում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հետընտրական գործընթացներին իր մասնակցության առիթով նախ ասում էին՝ պաշտոնի հոտ է առել, դրա համար է Ազատության հրապարակում:

«Ասում էին գնացել եմ՝ հրապարակը Րաֆֆիի ձեռքից առնելու: Երբ հրապարակային հրաժարվեցի որևէ ֆորմալ և ոչ ֆորմալ կարգավիճակից, չգիտեին ինչ ասել: Հետո արդեն ապրիլի 9-ից հետո, սկզեցին մեղադրել, թե բա ինչու հեղափոխություն չարեցիր, հիմա էլ գրում են, թե բա ուր էիր ապրիլի 9-ին», – գրել է Փաշինյանը:

Նա նշել է, որ թեև բոլոր այս հարցերի պատասխանը մեկ անգամ մանրամասն տվել է, չի զլանա կրկնել:

«ա) Ինչու գնացի Ազատության հրապարակ – 2013թ. փետրվարի 19-ի առավոտյան տեսա, որ մի կողմում հանցավոր իշխանությունն է, մյուս կողմում՝ ժողովուրդը: Ինձ համար չկար հարց, թե ես որ կողմում եմ լինելու: Գնացի՝ կանգնելու Քաղաքացու կողքին:

բ) Ինչու չփորձեցի ավելի ակտիվ, ղեկավար դերակատարում ստանձնել – այս հարցի պատասխանը տվել եմ հենց Ազատության հրապարակում: Մեջբերում փետրվարի 20-ին Ազատության հրապարակում իմ ունեցած ելույթից. «…«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահյության քվեն և ուրեմն՝ առաջին հերքին ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ժողովրդի վստահության քվեի հետ, ինչպես, ինչ ճանապարհով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ այն վերածել դե յուրե հաղթանակի: (…) Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե ինչ կբերի այս փետրվարը և դա մեծ, չափազանց մեծ պատասխանատվություն է: Հայաստանի լուսավոր ժողովրդին չի կարելի տանել պարտության, չի կարելի տանել հիասթափության և ձախողումի: (…) Քաղաքական առաջնորդությունը պիտի ժողովրդի հետ բացառիկ անկեղծ, առանց ենթատեքստերի և հանելուկների խոսակցություն ունենա: Բացատրի, թե ինչպես, ինչ մեթոդներով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ է պատրաստվում ժողովրդին առաջնորդել դեպի հաղթանակ»: Իմ գրեթե բոլոր ելույթներում շեշտել եմ, որ իմ դերը հրապարակում համեստ է, շարքային:

Ես ոչ մի ամբիցիա չեմ խաղացրել հրապարակում, ոչ մի անգամ ելույթ ունենալու նախաձեռնություն չեմ ցուցաբերել: Առաջարկել են ելույթ ունենալ, խոսել եմ  և ասել այն, ինչ օգտակար եմ համարել ժողովրդի հաղթանակի համար. չեն առաջարկել՝ չեմ ունեցել: Ինչու եմ, ուրեմն, մնացել այդ համեստ դերի մեջ: Շատ պարզ պատճառով. լեգիտիմությունը կարևոր է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության գործողությունների համար: Նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին չէի սատարել, ասել է թե՝ ամագ չունեի նրա հաղթանակի մեջ, որ մի հատ էլ փորձեմ համեստից բացի այլ դերակատարում ստանձնել: Եվ ի վերջո, ժողովուրդն ընտրել էր իր առաջնորդին, ես էլ ինչպես միշտ Ազատության հրապարակում էի Քաղաքացու կողքին:

գ) Ուր էի ապրիլի 9-ին և ինչ էի անում – Ինչպես և խոստացել էի, ժամը 11.00-ից Ազատության հրապարակում էի, կնոջս և երեք երեխաներիս հետ: Հանրահավաքային առաջին դադարից հետո կրտսեր դուստրս՝ վեցամյա Շուշանը, տուն է գնացել: Մնացածներով մինչև կեսգիշերնանց եղել ենք իրադարձությունների թատերաբեմում: Բնականաբար, ընտանյոք մասնակցել ենք դեպի Բաղրամյան պողոտա երթին: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց, մենք մնացինք տեղում, այսինքն՝ Բաղրամյան պողոտայում, ոստիկանական պատնեշի դիմաց. ես, կինս, երկու երեխաներս և ընկերներս: Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալուց հետո հասկանալով իրավիճակը՝ միակ բանը, որ արել եմ, նրա հետ կապվելը, նրան իրավիճակը բացատրելը և Բաղրամյան պողոտա վերադառնալու անհրաժեշտությունը բացատրելն է եղել: Դժվարությամբ, որովհետև չափազանց դժվար էր նրա հետ կապվելը: Հաջորդ հարցը, ինչու ես ինքս որոշակի գործողություններ չեմ ձեռնարկել Բաղրամյան պողոտայում, մարդկանց գործողությունները կառավարելու իմաստով: Բանն այն է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածը ասում է. «Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է: (…) Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի»:  Դեպի Բաղրամյան պողոտա երքը հայտարարել, կազմակերպել էր Րաֆֆի Հովհաննսիյանը, և դրանից հետո նա իմ առաջ հավաքը ղեկավարելու հարց չի դրել, խնդրանքով կամ պահանջով չի դիմել: Իսկ ես, ինչպես ասացի, որևէ ոչ լեգիտիմ գործողություն չէի անի:

դ) Այսպիսի շեշտադրում էլ է կարծեմ հնչել, թե բա ինչու չեմ քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման համար: Իհարկե, քննադատել եմ և դա արել եմ ինչպես հրապարակային, այնպես էլ՝ ոչ հրապարակային: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի այդ հանդիպմանը հաջորդած առաջին իսկ ընդլայնված նիստում ասել եմ, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Սա ոչ հրապարակային քննադատության մասին: Ինչ վերաբերում է հրապարակայինին՝ 2013 թվականի մարտի 15-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում՝ Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել եմ. (մեջբերում եմ ըստ «Առավոտ» օրաթերթի). «Համաձայն եմ այն գնահատականների հետ, ըստ որոնց, նմանատիպ հանդիպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան թե պատասխաններ»:

Հիմա պիտի ասեմ, որ ավելի շատ պիտի քննադատեի: Ավելի շատ բան պիտի լիներ, ավելի շատ քննադատության արժանանալու համար: Իսկ բանն, ինչպես հիշում եք, մեկ հանդիպումից այն կողմ չանցավ:

Սա էլ ասեմ, որ վերջերս հանդիպել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ջերմ, բարեկամական զրույց ենք ունեցել և բաժանվել ենք բարեմաղթանքներով: Ու քանի որ գիտեմ, ծագելու է հարցը, էդ էլ ասեմ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն շուրջ մեկ տարի չեմ հանդիպել», – գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: