Մայիս ամսից բողոքի ակցիա անցկացնող ազատամարտիկները մեկ ամսվա ընթացքում ուշադիր հետևելու են, թե ինչպես է կառավարությունը իրենց խնդիրներին ընթացք տալու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հետախույզ վետերանների միության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը:
Նշենք, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ազատամարտիկների պատվիրակությանը Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ: Ազատամարտիկները, մասնավորապես, պահանջում են բարձրացնել կեսնաթոշակները, անվճար բուժօգնություն տրամադրել:
Կառավարության լրատվական կայքի փոխանցմամբ՝ վարչապետը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին: Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ:
«Այս մեկ ամսում մենք չենք քնելու ու հետևելու ենք գործողությունների ընթացքին», – ասել է Բունիաթյանը:
Նա նշել է, որ ազատամարտիկների շահերը կառավարությունում ներկայացրած մարտական ընկերները ընտրվել են իրենց կողմից ու իրենք վստահում են նրանց:
«Եթե բացասական պատասխանի դեպքում իրենք կարողանան ճակատ-ճակատ դուրս գալ, ուրեմն բոլորս էլ կողմ ենք, եթե հետագայում նկատենք, որ վախի ազդեցություն կա, կամ ինչ-որ անձնական շահի հետապնդում, նմանատիպ մարդիկ կպատժվեն մեր կողմից», – եզրափակել է Բունաիթյանը: