Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձի գործով Վարդան Սեդրակյանը կապ չունի: Ինչպես հաղորդում է aravot.am-ը, այս մասին այսօր դատարանում հայտարարել է մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվողներից մեկը ՝ Սամվել Հարությունյանը:
«Դա կապված է նրա հետ, որ մենք Սեդրակյանից գումար շորթեինք: Մնացածը կասեմ պաշտպանիս հետ խորհրդակցելուց հետո», – ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրականի Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը հունվարի 31-ի երեկոյան իրականացրել են մահափորձը ԱԻՄ առաջնորդ, այն ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, իսկ մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը պատվիրել է այն:
Այսօր դատարան էր ներկայացել տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը: Նա շատ բաներ չի կարողացել մտաբերել, ինչը առիթ է դարձել, որպեսզի դատարանը որոշում կայացնի հրապարակել նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքները:
Դատարանում վկան հիշել է, որ իր մեքենան կանգնեցրել է մի անձնավորություն, որը սկզբում խնդրել է իրեն «Ռայկոմ» տանել, ապա՝ Քանաքեռ: Ուղևորը գումար չի տվել, գումարը իրեն տվել է մեկ այլ մարդ, երբ ուղևորին իջեցնեւմ էր: Ըստ վկայի՝ 30-ն անց էր ուղեւորը, նախ հիշեց, որ հագին վերարկու էր, ապա ուղղեց, ասելով՝ «դուբլյոնկա»: Երբ հրապարակվեց նախաքննության ցուցմունքը, վկան հայտնել էր, որ ուղևորի ձեռքը անընդհատ սրտի ձախ կողմում էր և ուղևորի նստած ժամանակ ցելոֆանի ձայն լսվեց, ինչը իր մեջ տպավորվել է և լարել ուշադրությունը նրա գործողություններին: Մինչդեռ դատարանում, պատասխանելով ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Գայանե Գալոյանի հարցին, թե որևէ բան տպավորվե՞լ է ուղևորից, հանգի՞ստ էր նա, տարօրինակ շարժումներ չէ՞ր անում, երիտասարդ տաքսու վարորդը պատասխանել էր բացասական: Նախաքննության ժամանակ տաքսու վարորդը նկարագրել էր նաև իրենց մոտեցած մեքենայի գույնը՝ սև գույնի և մակնիշը՝ «Վոլվո»: Այս վկան նաև հայտնել էր, որ ինքը հեռուստատեսությամբ տեսել է Հայրիկյանի մահափորձի հետ կապված անձանց, ճանաչել է նրանցից մեկին՝ իր ուղևո՝ Խաչիկ Պողոսյանին:
Դատական նիստի ընթացքում այժմ վկաների հարցաքննությունը շարունակվում է: