Արմավիրցին այսօր ոչ կառավարությունից սպասելիք ունի, ոչ բնությունից, իսկ հացի խնդիրը լուծել է պետք: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մրգաշատ գյուղի բնակիչ Բարունակ Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երեկվա որոշմանը, համաձայն որի Արմավիրի մարզի կարկուտից տուժած անապահով ընտանիքներին միանվագ 50 հազար դրամի օգնություն է հատկացվելու:
«Կառավարությունը ամեն կերպ ջանաց, գործադրեց բոլոր հնարավոր միջոցները, որ մենք ավելի խորը մխրճվենք թշվառության մեջ: Նորից թանկացումներ, անտանելի վիճակ, էշացած վիճակոմւ ենք հայտնվել: Ժողովրդն հասցրել են էն վիճակի, որ էն չնչին, աննշան օգնությունն էլ՝ ասենք մի մեշոկ ալյուրն էլ աչքներին երևում ա, թեկուզ դրանով մի ամիս ապրելու հույս են ստանում», – ասել է մեր զրուցակիցը:
Նա ծիծաղելի է համարել խոսել կառավարության երեկվա որոշման մասին, քանի որ այդ քայլը որակել է ժողովրդին «ձեռ առնելու» պես մի բան:
«Գոնե 1,5 միլիոն տային, էլի հասկանալի կլիներ, բայց 50 հազարը խայտառակություն է: Եթե իմ բերքը չփչանար, մինիմում 6 միլիոն եկամուտ կունենայի: Եթե ինձ առաջարկեն, ես չեմ վերցնի, բայց մենակ ինձանով չէ: Գյուղում էնքան թշվառ մարդիկ կան՝ 99 տոկոսը էդ 50 հազարի կարիքը շատ խիստ ունի: Կգնան-կվերցնեն ու կառավարությունն էլ կասի, թե բոլոր հարցերը լուծված են, մինչդեռ ամբողջ գյուղը դատարկվում է», – պատմել է Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ մոտավորապես 1500 հոգանոց իրենց գյուղն այն եզակիներից է, որտեղից նախկինում համեմատաբար քիչ են արտագաղթել:
«Կարկուտից հետո արդեն 130 հոգի գնացել է, 15-ի դրությամբ 40 հոգանոց նոր խումբ է գնալու, մասսայական լքում են գյուղը, գնում են հացի խնդիր լուծելու՝ ընտանիք չկա, որ չմտածի գնալու մասին», – եզրափակել է Ղուկասյանը:
Նույն մտահոգություններով մեր թղթակցի հետ զրույցում կիսվել է նաև մրգաշատցի Երեմ Առաքելյանը, ով շեշտել է, որ ոչ մի դեպքում չի ընդունելու 50 հազար դրամ օգնությունը: Նրա խոսքով՝ ինքը բերքից 4 միլիոն եկամուտ էր ակնկալում:
«Սերմը բաժանեցին, ում պետք էր, պետք չէր գնացին-վերցրին, կարող ա տանեն թափեն, բայց գալիս հերթ էին կանգնում, որ սերմ ստանան: Ինչ վերաբերում է օգնությանը, ապա գյուղում այդ մասին դեռ խոսակցություններ չկան», – ասել է Առաքելյանը: