Ապագայի օրակարգի համար կարևոր է ընթացիկ իրավիճակի ճշգրիտ արձանագրությունը: Բանալի հարցը հետևյալն է. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պահպանեց ձախողված կառավարությունը, ինչո՞ւ վարչապետ վերանշանակեց Տիգրան Սարգսյանին: Նման հարց է բարձրանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթի «Առկախված հարցերի և ապագայի մասին» հոդվածի վերջին մասում, որից մի հատված ենք ներկայացնում.
«Չէ՞ որ ինքն էլ էր լավ հասկանում, որ գոնե կառավարության փոփոխությամբ կարող է թեկուզ չնչին չափով հագեցնել փոփոխությունների այն ծարավը, որ ունի Հայաստանի ժողովուրդը: Չէ՞ որ հասկանում էր, որ ճահճային այս կայունությունն ավելի է խորացնելու արտագաղթը: Գիտեր, իհարկե, և ուրեմն ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը մնաց իր պաշտոնում: Նույն պատճառով, ինչ 2008-ին. Տ. Սարգսյանի կառավարությունը քաղաքականապես անվտանգ է Սերժ Սարգսյանի համար, որովհետև չունի խորհրդարանական հենարան, ընհակառակը՝ լուռ հակադրության մեջ է ԱԺ մեծամասնության հետ: Եթե չլինի Սերժ Սարգսյանի կամքը, հենց գործող մեծամասնությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կհոշոտի կառավարությանը և կձևավորի սեփական կառավարությունը:
Իսկ ԱԺ մեծամասնության հետ օրգանական կապ ունեցող կառավարությունը ՀՀ գործող Սահմանադրությամբ շատ ավելի զորեղ է, քան նախագահական իշխանությունը, և ուրեմն, քանի դեռ կառավարությունը ԱԺ մեծամասնության փաստացի լիդերներից չէ ձևավորված և չունի ուժեղ խորհրդարանական հենարան, նախագահական իշխանության ուժեղությունն ու միահեծանությունը երաշխավորված է:
Այս ամենը նկարագրեցի ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանի գործելու մոտիվը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ իշխանության պահպանումը: Սա նշանակում է՝ նա չի պատրաստվում 2018-ին հեռանալ: Եթե հեռանալու ցանկություն ունենար, հիմա գործողությունների հիմքում կդներ ոչ թե սեփական իշխանության անվտանգության, այլ օլիգարխիայի, կորուպցիայի դեմ իրական պայքարը, ազատ ընտրական համակարգի գործարկումը՝ գոնե ինչ-որ բարի հիշողություն թողնելու համար: Որ նման բան չկա նրա մտքում, ապացուցվեց Երևանի քաղաքապետի ընտրություններում:
Բայց ՀՀ Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը չի կարող 2018-ին նախագահի թեկնածու առաջադրվել. ինչպե՞ս է ուրեմն լուծելու իշխանության մնալու հարցը: Պատասխանը կրկին կառավարությունն է: Եթե առանց ԱԺ մեծամասնության վարչապետը՝ գործող Սահմանադրությամբ, անվտանգ ֆիգուր է նախագահական իշխանության համար, ապա մեծամասնության չունեցող նախագահն անվտանգ ֆիգուր է խորհրդարանական մեծամասնություն ունեցող վարչապետի համար:
Նախագահ-վարչապետ. ով է ավելի ուժեղ մեր Սահմանադրությամբ՝ նա, ով տիրապետում է խորհրդարանական մեծամասնությանը: Սերժ Սարգսյանի տեսանելի պլանն, ըստ այդմ, հետևյալն է. մինչև 2018-ը ավելի ուժեղացնել օլիգարխիան, 2017թ. խորհրդարանական ընտրություններում կրկին ապահովել իրեն ենթակա խորհրդարանական մեծամասնություն, 2018-ին օլիգարխիայի միջոցով նախագահ կարգել որևէ մեկին և տեղափոխվել կառավարություն՝ վարչապետի կարգավիճակով: Առվազն հինգ տարով: Այս սցենարն, ի դեպ, հընթացս սկսել են մատուցել մերձիշխանական ԶԼՄ-ներով, խորհրդարանական միջանցքներում, որ մարդիկ նաև ընտելանան-հարմարվեն դրան…
…Պատկերի ամբողջությունն ապահովելու համար դիտարկենք նաև Ռոբերտ Քոչարյանի պարագան: Պայքարելու է արդյոք նա իշխանության համար: Անշուշտ, բայց պայքարելու է ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ հանուն իրենց երկուսի վաղեմի ծրագրի վերջնական իրականացման: Կոպիտ ասած՝ որ Սերժ-Ռոբերտ, Սեդրակ-Միշիկ առանցքը շարունակի որոշիչ լինել՝ տեսանելի և նույնիսկ անտեսանելի ապագայում:
Բայց սա ներքին ռազբորկայի խնդիր է, և ընդդիմության համար մահացու սխալ կլինի որևէ ձևով այն ներքին ռազբորկայի կողմ դառնալը: Այստեղ մի զավեշտալի նրբություն կա, եթե ընդդիմադիր դաշտը մնա այնպիսին, ինչպիսին այսօր, Սերժ Սարգսյանը կարող է օգտվել առիթից՝ ամբողջն իրենով անելու համար, իսկ եթե լուրջ ընդդիմություն ձևավորվի, դա կարող է մեծացնել Ռ. Քոչարյանի դերը, և եթե իշխանության իրական հնարավորություն ստեղծվի, Սերժ Սարգսյանը կարող է ստիպված լինել նրան ներքաշել խաղի մեջ, ինչ-որ բան պահպանելու հույսով: Սա ասում եմ ընդգծելու համար, որ իրավիճակն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել:
Ներքաղաքական օրակարգը, ըստ այդմ, չի փոխվել: Հայաստանում ընդդիմությունը երբեք իշխանության չի եկել: Այսօր էլ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործում է մի համակարգ, որի նպատակը սա թույլ չտալն է՝ որևէ գնով: Հանցավոր այս ռեժիմն իր էությունը չի փոխելու, սա նշանակում է, որ իր էությունը պետք է փոխի ընդդիմությունը՝ դառնա հաղթող, կենսունակ և վստահելի:
Կա արդյոք այսօր այսպիսի ընդդիմություն ձևավորելու պոտենցիալ: Անշուշտ կա, բայց այդ պոտենցիալի միայն մի փոքր մասն է ներգրավված ակտիվ քաղաքական գործընթացներում, մի մասն է միայն երևում, մի մասի անունն է միայն հայտնի հանրությանը: Քաղաքական սերնդափոխությունը, որի մասին այդքան խոսվում է, պետք է տեղի ունենա, սուվերեն և նոր օրակարգով մարդիկ ներգրավվեն քաղաքական գործընթացներում, ընթացիկ առաջնորդների հետ դառնալով նոր անելիքի կրողները: Արտագաղթած քաղաքացիները պետք է ներգրավվեն ներքաղաքական պրոցեսներում, դառնան ՀՀ ներքաղաքական օրակարգի կրող: Նրանց մի մասը պիտի մաս կազմի հնարավոր ստվերային կառավարությանը, մյուս մասը ներգրավվի քաղաքացիական գործունեության մեջ: ՀՀ-ից արտագաղթած քաղաքացիները, ովքեր ընտրացուցակներում ներգրավված մնալով և ընտրությունների օրը Հայաստանում չգտնվելով, կեղծիքների ռեսուրս են դառնում իշխանության համար, պետք է օգնեն իշխանության այդ զենքը հենց իշխանության դեմ կիրառելու գործում: Էսօրվանից ենք սկսելու խոսակցությունն այն մասին, որ արտագաղթած մեր հայրենակիցներն իրենց առաջիկա տարիների կյանքը պլանավորեն այնպես, որ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրը լինեն Հայաստանում և քվեարկեն, քվեարկեն հանուն իշխանափոխության՝ վարչախմբին զրկելով ընտրակեղծիքի 700 հազար քվեանոց ռեսուրսից: Իսկ ՀՀ քաղաքացիություն չունեցող մեր հայրենակիցները տասյակներով վերահսկողության տակ պիտի առնեն Հայաստանի 1988 ընտրական տեղամասերը, թուլյ չտալով որևէ կեղծիք»: