հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կնոջը բաց թողեցին. նա ասել է՝ ում հետ խնդիր ուներ (ՎԻԴԵՈ)

Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կնոջը բաց թողեցին. նա ասել է՝ ում հետ խնդիր ուներ (ՎԻԴԵՈ)

Մայիսի 10-ին բռնի ուժով  Ավանի հոգեբուժարան տեղափոխված, Կոմիտասի 56 շենքի բնակիչ, 78-ամյա Ամալյա Նազարեթյանը շաբաթ օրը տուն է վերադարձել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ լավ է և առողջական խնդիրներ չունի:

Նազարեթյանի խոսքով՝ իր առողջական վիճակը երբեք վատ չի եղել, կյանքում չի իմացել, թե բժիշկը ինչ է, 25 տարի ուսումնարանում է  աշխատել և երբեք «բուլետեն» չի ունեցել:

«Արդարության համար որ պայքարում ես, գլխիդ տալիս են, էն որ ռուսի ասածով` перешла дорогу олигарху (օլիգարխի ճանապարհը կտրեցի),  ու ինչ պետք է անեն, ես եմ, որ կամ, դուք հեչ եք»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Նազարեթյանի խնդիրները կապված են եղել «Իդեալ» խանութի և «Կոմիտաս» սրճարանի հետ, որի ներկայացուցիչները պնդել են, որ կինը ոչ ադեկվատ է իրեն պահում: Մինչդեռ Նազարեթյանի հարևանները նշում են, որ կինը մշտապես նորմալ վարքով է աչքի ընկել:

Կինը նշել է, որ որոշ ժամանակ կմնա քրոջ տանը, այնուհետև մտադիր է վաճառել տունը և Երևանի մեկ այլ վարչական շրջանում բնակարան գնել, ունենալ լավ հարևաններ:

Նազարեթյանը պատմել է, որ 4 տարի առաջ իրենց շենքի տակ գտնվող «Իդեալ» խանութից մեծ գումարով լոգախցիկ էր գնել, սակայն նրան անորակ ապրանք էին վաճառել: Կինը դրանից հետո բազմիցս դիմել է խանութին` խնդրելով փոխել, սակայն նրան ձեռ էին առնում, ծիծաղում էին` մտածելով, թե «մի հատ պառավ է, շա՞տ է հասկանում»: Դրանից հետո նա դիմում է ոստիկանություն, և այդ հարցը կարճ ժամանակում լուծվում է, ոստիկանների միջոցով ապրանքը ետ են վերադարձնում, կնոջը գումարն էլ տալիս: Նրա խոսքով` այդպես խանութի հետ դառնում են թշնամիներ, քանի որ «իրենց խոսքը չանցավ»:

Դրանից հետո «Իդեալ» խանութ զբաղեցնող տարածքի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը ցանկանում է տարածքը մեծացնել, սակայն հարևանները դեմ են լինում դրան: Ամալյա Նազարեթյանը օգնում է խանութին` համոզելով հարևաններին, որ տարածքը առաջ կտան, չեն խանգարի իրենց, բնակիչների համար ավելի լավ կլինի: Սակայն, սեփականատերերը տարածքը մեծացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, և հարևանների աչքում նա «վատամարդ» է դառնում: Իրավիճակը շտկելու համար նա գնում է «Իդեալի» գրասենյակ, փորձելով հանդիպել տնօրենի հետ, սակայն նրան շատ կոպիտ են պատասխանում և ճանապարհում: Ավելի ուշ մեծացրած տարածքում խանութը օդորակիչ է տեղադրում, որի ձայնից իր տան հեռուստացույցն է փչանում, խանութում շինարարությունից էլ կնոջ տան պատերը ճաքեր են ստանում, որոնք այդպես էլ խանութը չի վերանորոգում:  Կինը դիմում է լրատվամիջոցներին` խնդրելով օգնություն, հոդված է տպագրվում, սակայն դա ավելի է բարկացնում տարածքի սեփականատերերին: Ամալյա Նազարեթյանի խոսքով՝ այդ ամենից հետո իր նկատմամբ հալածանքներ են սկսվել, իրեն արգելել են հարակից այգի մտնել, Կոմիտասի փողոցով քայլել:

«Դրանից հետո որ դուրները չեկավ, էդ Մխիթարյան Արմենի մայրը` «գիժ Սուսանը»,  մի ժամանակ Սևանի գժանոցում էր, թե ոնց է դուրս եկել, չգիտեմ, որտեղ հասնում էր, խփում էր, հարվածում էր, մազերս պոկում էր, ես ոչ մի անգամ նման քայլի չէի դիմում, դիմում էի պետությանը»,- պատմել է նա` հավելելով, որ ոստիկանություն դիմելուց և նրան այնտեղ կանչելուց հետո այլևս իրեն չի անհանգստացրել:

Տարածքի սեփականատերերը շենքի մոտ գտնվող այգում սրճարան ունեն: Մի անգամ կինը անցնում էր այգու մոտով, սեփականտիրոջ հարսը, ով գտնվում է սրճարանում, սկսում է գոռալ: Կինը նորից զանգում է ոստիկանություն, «հենց միլիցիա անունը իմանում են, իրենք միլիցիայից ահավոր վախենում են»: Դրանից հետո այդ սրճարանի աշխատողները հայտարարում են, թե երկու տարի առաջ Ամալյա Նաղարեթյանը մտել է սրճարան, սեղանները, աթոռները շուռ է տվել, բաժակները ջարդել, պայուսակներից փող է վերցրել և այժմ փոխհատուցում են պահանջում, իսկ կինը հակադարձում է` ասելով, որ «լավ, եթե ես չեմ հասկանում, մտել եմ, նման բան եմ արել, բա 10 հոգի մարդ կար կանգնած, նայում էին, թե ես ինչ եմ անում, թող զանգեին ոստիկանություն»:

Իրեն խաբեությամբ հոգեբուժարան տեղափոխելու մեջ կինը մեղադրում է ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբորը` Անդրանիկին: Ամալյա Նազարեթյանի խոսքով` իր հակասությունը Արմեն Մխիթարյանի եղբոր` Անդրանիկի հետ է, քանի որ նա է զբաղվում այդ տարածքով:

Նա խնդիրներ ուներ նաև «Իդեալ» խանութի մենեջերի հետ, անունը` Գագիկ է, վերջինս մենեջերից դարձավ բանվոր, «մեկ էլ տեսանք գալուստիկ է կապել, դրանից հետո իմացանք, որ մի հատ «Արմադա» է քշում, ասացի ինչի՞ Խաչատրյանը («Իդեալի» տնօրենին նկատի ունի-խմբ) քեզ գալուստիկ տվեց, պահեստապետ դարձրեց, մեքենա տվեց»: «Նայեց երեսիս, ասաց՝ նա էդ տվել է, որպեսզի տունդ ձեռիցդ առնեմ, իրենք ասում էին, թե քեզ կգցենք գժանոց, տունդ կվերցնենք ձեռիցդ: Էդ Գագոն հետո սկսեց հետս լավանալ, թե ես քո թոռնիկն եմ, ուրիշին տունդ չտաս, ձեռիցդ կվերցնեն, ավելի լավ է իմ վրա գրես քո տունը, ես էլ ասի՝ տղա ջան, մենք հինգ երեխա ենք, նեուժելի մեկը չկա էդ 5-ի մեջ, որ իր վրա գրեմ, ոչ թե քո վրա, որ ինձ վնաս տվող ես»:

Կինը շեշտեց, որ իր հարևաններից ոչ ոք իր մասին բացասական բան չի ասել, հոգեբուժարանի բժիշկները ևս ասում էին, որ ինքը առողջ է:

Ամալյա Նազարեթյանը պատմել է, որ սկզբից իրեն շատ վատ էին վերաբերում հիվանդանոցում, ակայն լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո, հարևանների, հարազատնների բողոքից հետո սկսեցին հարգալից լինել, օրինակ` եթե նախկինում բերում, գցում էին սնունդը, դրանից հետո արդեն ափսեի մեջ էին բերում, «ջանուղուրբան» անում:

Տեսանյութը՝ news.am-ի