ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Կարեն Գյուլնազարյանի կողմից յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին ասված է ՀՀ դատախազության կայքում, որտեղ նշված է, որ Կ.Գյունազարյանն աշխատել է որպես բանկերից մեկի (բանկի անունը չի նշվում) «Մալաթիա» մանսաճյուղի կառավարիչ: Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն, Կարեն Գյուլնազարյանը 2011 թվականին ճանաչվել է «Արդշինինվեստբանկի» լավագույն կառավարիչ:
Դատախազությունը նշում է, որ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա.Մովսեսյանի հետ գործարք է կատարել՝ վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա.Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ.Գյուլազարյանը՝ օգտվել այդ գործարքից:
Մասնավորապես, Գյուլնազարյանը Մովսեսյանին առաջարկել է իրեն ունեցած 2500 ԱՄՆ դոլար պարտքը մարելու համար իր բարեկամուհուց տոկոսով գումար վերցնել: 2002թ. հոկտեմբերին Մովսեսյանը, Գյուլնազարյանի միջնորդությամբ, վերջինիս բարեկամուհուց պարտքով վերցրել է 3000 ԱՄՆ դոլար գումար՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 5 տոկոսով:
Որպես գումարն ու տոկոսները վերադարձնելու երաշխիք` Մովսեսյանի հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը առուվաճառքի պայմանագրով ձևականորեն վաճառել է Գյուլնազարյանի բարեկամուհուն:
2006թ. բարեկամուհին մահացել է, որից հետո վաճառված բնակարանը ժառանգությամբ ընդունել են վերջինիս զավակները:
2007թ. մայիսին Գյուլնազարյանը, իմանալով, որ Մովսեսյանը դեռևս 2002թ. վերցրած պարտքից 1000 ԱՄՆ դոլարն ու դրա տոկոսագումարներ՝ ընդհանուր 2000 ԱՄՆ դոլար, ի վիճակի չէ վերադարձնել մահացած բարեկամուհու որդուն, Ա.Մովսեսյանին առաջարկել է բնակարանը վաճառքի պայմանագրով անվանափոխել իր մորաքրոջ աղջկա անունով, որի դիմաց պարտավորվել է վճարել նրա պարտք-գումարը և տոկոսագումարները:
2007թ. սկզբին Գյուլնազարյանը 25 652 861 դրամ արժողությամբ բնակարանը 2000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ձևականորեն վաճառել է իր մորաքրոջ աղջկան` դրանով հնարավորություն ստեղծելով նշված գույքը ցանկացած պահի իր հայեցողությամբ տնօրինելու: Գործարքը ձևակերպվել է 20 մլն. դրամով:
Արդյունքում՝ Գյուլնազարյանը, օգտվելով Մովսեսյանի համար ոչ ձեռնտու պայմաններում կնքված գործարքի արդյունքում բնակարանն իր տնօրինության տակ գտնվելու հանգամանքից, 2009թ. մայիսի 15-ին իր մորաքրոջ աղջկա միջոցով, առանց Մովսեսյանին տեղյակ պահելու, բնակարանը գրավադրել է բանկում: Սակայն վարկային իր պարտավորությունները չկատարելու արդյունքում նշված բնակարանը 2012թ. օգոտոս ամսին անցել է բանկին՝ որպես սեփականություն, իսկ Մովսեսյանները զրկվել են իրենց բնակարանից:
Բացի դա, Գյուլնազարյանը թվով 10 ավանդատուների՝ որպես ավանդ ներդրված գումարներից 2010թ. փետրվարից մինչև 2010թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ժամկետից շուտ ավանդի գումարները հետ վերադարձնելու վերաբերյալ դիմումներում կեղծելով ավանդատուների ստորագրությունները, դրամարկղից ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափի՝ 110 422 665 դրամին համարժեք 300 863 ԱՄՆ դոլար և 952 485 ՀՀ դրամ` բանկին պատճառելով ընդհանուր 111 127 116 դրամի գույքային վնաս:
Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: