Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները՝ Ալյան և Ջամալը, արդարացվել են 2011 թվականի հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվան գործով: Հունիսի 10-ին համապատասխան որոշում է ընդունել Կահիրեի դատարանը, որտեղ վերանայվում է նախկին նախագահի դեմ գործը, հաղորդում է Al Arabiya-ն:
Ալյա և Ջամիլ Մուբարաքները մեղադրվում էին գործողությունների հրահրման մեջ, որոնց հետևանքով մահացել են ցուցարարները: Դատավորը որոշում է ընդունել ազատել երկրի նախկին առաջնորդի երկու որդիներին այն հիմքով, որ նրանք որևէ այլ գործով չեն մեղադրվում:
Տվյալ գործով անցնողների թվում են ինքը՝ Մուբարաքը, ինչպես նաև անվտանգության ծառայության յոթ ղեկավարներ: Բոլոր մեղադրյալներն իրենց անմեղ են հայտարարել:
Դատարանի կողմից Մուբարաքի գործի վերանայումը ենթադրում է նոր գնահատական 2011 թվականի գարնանը տեղի ունեցած ցույցերի ժամանակ նրա կողմից ուժի կիրառմանը: Այդ իրադարձությունների զոհերի թիվը գերազանցել էր 800-ը, իսկ ինքը՝ Մուբարաքը, ստիպված էր հրաժարական տալ:
2012 թվականի հունիսի 2-ին կայացված նախնական որոշման համաձայն՝ դատարանը ապացույցներ չէր գտել առ այն, որ Մուբարաքը ոստիկաններին զենք օգտագործելու հրաման է տվել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախկին նախագահի անուղղակի մասնակցությունը ողբերգական իրադարձություններին, դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: