Home / Հայաստան / Հռոմի Պապը Երևան կգա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Թուրքիան դժգոհ է

Հռոմի Պապը Երևան կգա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Թուրքիան դժգոհ է

Հռոմի Պապ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Ա-ն հայտարարել է, որ պատրաստ է Երևան գալ 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ժամանակ: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman-ը, Հռոմի Պապին չի կանգնեցնում այն հանգամանքը, որ նրա քայլերը սուր քննադատության են արժանացել պաշտոնական Անկարայի կողմից: Նախորդ շաբաթ Ֆրանցիսկոս Ա-ն հայտարարել էր, որ «հայերի ցեղասպանությունն առաջինն էր 20-րդ դարում», որից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Վատիկանին:

Շաբաթ օրը տարածած պաշտոնական հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը, մասնավորապես, նշել էր, որ «Պապի ինստիտուտը կոչված է աշխարհում խաղաղությանը աջակցելուն և ոչ թե պատմությունից թշնամության էջերը վերհանելուն»:

Today’s Zaman-ի հաղորդմամբ, չնայած Թուրքիայի դժգոհությանը, Հռոմի Պապն արդեն հայտարարել է, որ 2015-ին պատրատ է Երևան ժամանել և պատարագ մատուցել՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերին:

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն քննարկում այն հարցը, թե արդյոք նման հայտարարությունների ֆոնին պետք է մերժել Հռոմի Պապի այցելությունը Ստամբուլ:

Ավանդաբար, նորընտիր Հռոմի Պապերը այցելում են Ստամբուլի Հունական Ուղղափառ եկեղեցու առաջնորդարան, և ակնկալվում է, որ Ֆրանցիսկոս Ա-ն նույնպես պետք է ժամանի Թուրքիա:

Նշենք, որ Ֆրանցիսկոս Ա-ն իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում պաշտոնապես արտահայտել է դեռևս 2006 թվականին, երբ դեռևս կարդինալ էր Արգենտինայում: