Ջավախքի հայերը դժգոհ են ՀՀ Պետեկամուտների կոմիտեի որոշմամբ, համաձայն որի հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար: Այս մասին ասված է «Ջավախք» հայրենակցական միության հայտարարության մեջ:
Այդ կապակցությամբ հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ-վրացական սահմանի վրա՝ պահանջելով փոխել մտցված կարգը:
«Հասկանալի է, որ բրոկերային միջնորդավճարը գանձվում է ըստ սահմանված կարգի, և այն գործում է բոլոր սահմանային մաքսակետերում: Սակայն, այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է, քանի որ Բավրայի սահմանակետից Հայաստան են մուտք գործում բացառապես մեր հայրենակիցները՝ ջավախքցիները, հետևաբար, ստացվում է, որ Մայր հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում, ինչը չի ընկալվում վերջիններիս կողմից և չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ:
«Ջավախք» հայրենակցական միությունը այս կապակցությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում և կոչ անում ՀՀ մաքսային ծառայություններին լրջորեն քննարկել խնդիրը և վերականգնել նախկինում գործող կարգը: Մենք, միաժամանակ, հորդորում ենք ջավախքցիներին հանդարտվել, զինվել համբերությամբ և լավատեսությամբ, այն ակնկալիքով, որ ընդունելի և գոհացուցիչ որոշում կընդունվի», – ասված է «Ջավախք» հայրենակցական միության նախագահության հայտարարության մեջ: