Home / Հայաստան / Ինչու է վարչապետը դիմել դատախազություն, այլ ոչ թե հակառակը. Փաշինյանը նախարարին հարցեր է ուղղել

Ինչու է վարչապետը դիմել դատախազություն, այլ ոչ թե հակառակը. Փաշինյանը նախարարին հարցեր է ուղղել

2012 թվականի տնտեսական արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում գրանցվել է 7,2% տնտեսական աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով 2012 թվականի բյուջեի կատարողականը: Նա հատկապես ուրախալի է համարել այն փաստը, որ ավելացել են նաև արտահանման ծավալները, ինչը կառավարությունը թիրախ էր համարել տնտեսական ճգնաժամից հետո:  

Նախարարի խոսքով՝  գյուղատնտեսական աճը կազմել է 9,5%, ինչը պայմանավորված է եղել ոչ միայն լավ եղանակային պայմաններով, այլև կառավարության քաղաքականությամբ, մասնավորապես, գյուղվարկերի սուբսիդավորմամբ, ինչի արդյուքնում տրամադրվել են 14,7 միլիարդ դրամի  վարկային միջոցները:

Զեկույցից հետո ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով հատկանշական է համարել այն իրավիճակը, որ բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, ով կառավարությունում չի եղել բյուջեի կատարման ընթացքում:

«Պետական բյուջեն հաշվապահական թվերի գումարել-հանել չէ, այլ պետության առաջին ֆինանսական փաստաթուղթը, և այն պետք է ներկայացնի Տիգրան Սարգսյանը», – ասել է Փաշինյանը: 

Պատգամավորը, այնուամենայնիվ, հարց է ուղղել Դավիթ Սարգսյանին աղմկահարույց օֆշորային սեփականության մասին, որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է նաև Տիգրան Սարգսյանին:

«Նույն մամուլում դուք կարող եք գտնել նաև Կառավարության պարզաբաներումները, և այն հայարարտությունը, որով վարչապետը հայտնում է, որ դիմել է Դատախազություն՝ այդ հրապարակումների հետ կապված», – ասել է Դավիթ Սարսգյանը:

«Խնդիրը հենց այն է, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել Դատախազությանը: Փորձը ցույց է տալիս, որ դատախազություն դիմում են նրա համար, որ հարցերի դեպքում ասեն՝ դիմել ենք դատախազություն, քննություն է ընթանում: Հանրությունը ուզում է լսել ոչ թե ընդհանրական պատասխաններ, այլ կոնտրետ պատասխաններ իրենից՝ Տիգրան Սարգսյանից», – հակադարձել է Փաշինյանը: