Home / Հայաստան / Ինչպե՞ս են լրագրողներն այսուհետ կարծիք հայտնելու. Արմեն Դուլյանի հեռացման մասին

Ինչպե՞ս են լրագրողներն այսուհետ կարծիք հայտնելու. Արմեն Դուլյանի հեռացման մասին

«Շանթ» հեռուստատեսության հաղորդավար Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելն ավելորդ անգամ ապացուցում է, որ Դուլյանը ճիշտ է գրել: Epress.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը:

Դուլյանին աշխատանքից ազատելու համար պատճառ էր հանդիսացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր  էջում արված հետևյալ գրառումը. «Բայց ինչ նման ենք…Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:

«Դուլյանը մեր լրագրության մեջ եզակի  պրոֆեսիոնալ և սկբունքներ ունեցող լրագրողներից  մեկն է: Սա միայն իր խնդիրը չէ, այլ բոլոր լրագրողների: «Շանթում» շարունակելու են չէ՞ լրագրողներ աշխատել, ինչպե՞ս ես նրանք ազատ մտածելու, կարծիք հայտնելու», – իր մտահոգությունն է հայտնել Պետրոս Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքը կարող է հանգեցնել նրան, որ «մոդա դառնան կարծիք չունեցող լրագրողները», իսկ այդ փուլը «մենք արդեն անցել էինք»:

«Լրագրողի մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում տեսակետ, կարծիք ունենալը և այն հայտնելը: Իր գործը անելու համար ինչպե՞ս կարելի է մարդուն հեռացնել: Առանց այն էլ մենք գաղջ միջավայրում ենք ապրում, որտեղ մարդիկ վախենում են խոսել կամ քծնում են», – ասել է Ղազարյանը:

Նրա կարծիքով՝ լրագրողական համայնքը պետք է ադեկվատ արձագանքի Դուլյանի հեռացմանը, առավելևս, որ սա ֆեյսբուքյան գրառման աշխատանքից հեռացման առաջին դեպքը չէ. Ղազարյանը հիշեցրել է, որ լրագրող Կիմա Եղիազարյանը սոցցանցում գրառումանելու համար հեռացվել էր «Հայոց աշխարհ» թերթից:

Հարցին անդրադառնալով՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է.

«Արմեն Դուլյանի աշխատանքից ազատվելու լուրն առնելուց 2 զգացում ունեցա. առաջինը միշտ եմ ունենում՝ գրաքննություն, ինքնագրաքննության, ներքին գրաքննության պրակտիկայի, մոգոնողի, բանեցնողի մորն ու հորն եմ ուզում բան ասել … մյուսը մի քիչ մխիթարական է, չզարմանաք, բայց ուրախանում եմ, որ լրագրողներից մեկը, լավագույններից մեկը ազատագրվեց: Կներեք, թե մի քիչ ավել-պակաս ասացի: Սա շարունակություն է «Ա1+»-ի եթերազրկումից հետո տեղի ունեցող զարգացումների, դրանից առաջ էլ մի բան չէր, բայց խոսքի ազատության նկատմամբ բռնությունների նոր ալիք եղավ հենց 2002-ի ապրիլից սկսած: Կարծում եմ, որ «Շանթում» մի քիչ գերազանցել են սահմանված արագությունը: Բայց այս հրապարակայնությունից հետո արդեն անհնար կլինի խնդիրը հարթել»:  

Aravot.am կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը ևս «Շանթ» հեռուստաընկերության նման արձագանքն անթույլատրելի է համարել:

Նրա խոսքով՝ եթե մի ընկերություն չի ցանկանում, որպեսզի իր աշխատակիցները սոցցանցերում ազատ արտահայտվեն, այդ մասին պետք է նշվի աշխատանքային պայմանագրերում, և ոչ թե մի գրառումը դարձվի պատրվակ մարդուն հեռացնելու համար:

«Դուլյանը եզակի լրագրողներից է, ով չէր վարանում իր տեսակետը, քննադատությունը հայտնել», – նկատել է Աննա Իսրայելյանը:

Նրա խոսքով՝ Դուլյանի գրառումը նույնիսկ քաղաքական հայտարարություն չէր, այլ օբյեկտիվ գնահատական ռուսաստանյան և հայկական հեռուստատեսությանը: