Home / Հայաստան / Սեֆիլյանին կանչել են ոստիկանություն. «Նախախորհրդարան»-ը դժգոհ է քննիչից

Սեֆիլյանին կանչել են ոստիկանություն. «Նախախորհրդարան»-ը դժգոհ է քննիչից

«Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին հրավիրել են ոստիկանություն: Այս մասին ասված է «Նախախորհրդարանի» քարտուղարության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ուղարկված ծանուցման մեջ գրել է, որ Ժիրայր Սեֆիլյանին սպանելու սպառնալիքի վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածված հաղորդումների կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր և «անհրաժեշտությունից ելնելով` բացատրություն տալու համար», Սեֆիլյանին հունիսի 11-ին, ժամը 11-ին հրավիրել է Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունք: Հիշեցնենք, որ Սեֆիլյանի հասցեին հնչած անանուն սպառնալիքների մասին «Նախորհրդարանի» անդամ Մերուժան Ավետիսյանն ասել է մայիսի 31-ին Ազատության հրապարակում կայացած հավաքի ժամանակ:

Ոստիկանություն այցելելու հրավերի մասին նշելուց հետո ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցումը եզրափակել է. «Հայտնում եմ, որ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղեկացնել»:

«Նախախորհրդարան»-ը նշում է, որ ոստիկանություն ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին նախապես տեղեկացնելու պահանջը օրենքով սահմանված չէ:

«Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ նորմի պահանջի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ 83.5-րդ հոդվածի իմպերատիվ նորմերի պահանջների համաձայն` «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`… 2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները …»:

Այսպիսով` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը դիտավորությամբ կատարելով այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, անցել է իր պաշտոնեական լիազորությունները: Միևնույն ժամանակ` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի արարքը որպես ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի նորմով նախատեսված հանցագործություն որակելու համար առկա չէ նույն նորմով սահմանված մյուս պարտադիր պայմանը` այդ գործողությունների հետևանքով էական վնասի պատճառումը: Ուստի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը սահմանված կարգով ենթակա է կարգապահական պատասխանատվության», – ասված է «Նախախորհրդարան»-ի հաղորդագրության մեջ: