Home / Հայաստան / SOCAR-ը պարզաբանում է. ադրբեջանական գազ՝ ղարաբաղյան հողերի դիմաց

SOCAR-ը պարզաբանում է. ադրբեջանական գազ՝ ղարաբաղյան հողերի դիմաց

SOCAR-ը (Ադրբեջանի պետական  նավթային ընկերություն) պարզաբանել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի՝ Հայաստան գազի հնարավոր մատակարարման մասին ավելի վաղ արած հայտարարությունը:

Contact.az-ը, հղում կատարելով SOCAR-ի պաշտոնական կայքին, հայտնում է, որ Հայաստան գազի մատակարարման մասին հարցը կարող է քննարկվել այդ դեպքում, եթե Հայաստանը փոխի «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ իր դիրքորոշումը:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը ինքնամեկուսացվել է տարածաշրջանային համագործակցությունից՝ «ընտրելով անջատողականության և ագրեսիվ ազգայնականության ճանապարհը և, օգտագործելով ագրեսիայի և օկուպացիայի քաղաքականությունը, գրավել է  ադրբեջանական հողերի զգալի մասը»:

Ըստ հայտարարության հեղինակների՝ եթե Հայաստանը փոխի «օկուպացված տարածքների» նկատմամբ իր դիրքորոշումը, Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակներում հանդես գա  հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման օգտին, ապա, հնարավոր է, ներգրավվի տարածաշրջանային և համաշխարհային  նշանակություն ունեցող էներգետիկ նախագծերում:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ANS հեռուստաընկերության հետ զրույցում Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահը հայտնել էր Հայաստան գազի հնարավոր մատակարարման մասին:

«Եթե Հայաստանը մեզ դիմի գազի հարցում օգնության խնդրանքով, մենք անկասկած կօգնենք»,- հայտարարել էր Ռովնագ Աբդուլաևը:

Ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ Աբդուլաևի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես քաղաքական, այլ ոչ թե կոմերցիոն առաջարկ: