Առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակչուհի Վիկտորիա Գրիգորյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին, տեղեկացնում է Ecolur.org-ը:
Գրիգորյանը դատարանից պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչությանը, որոնց թվում և հայցվորին ճանաչել որպես Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ազդակիր համայնք:
ՀՀ վարչական դատարանը մերժել է հայցադիմումը: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը իր հունիսի 7-ի որոշմամբ Վիկտորյա Գրիգորյանի բողոքը վարույթ է ընդունել:
Ecolur.org-ը հայտնում է, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը, որը շահագործվելու է «Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից, Ջերմուկից գտնվում է 12 կմ հեռավորության վրա: Ինչպես հայցադիմումում է նշված, մոտավորապես, նույն հեռավորության վրա գտնվող Գնդեւազ, Գորայք և Սարավան գյուղերը համարվել են ազդակիր համայնք, իսկ Ջերմուկը` ոչ:
«Գտնում եմ, որ պատասխանող վարչական մարմինների անգործությամբ խախտվում են իմ` որպես վերը նշված գործունեության ազդեցությունը կրող անձի իրավունքներն ու ազատությունները»,- իր հայցադիմումում նշել է հայցվորը:
Վիկտորիա Գրիգորյանը սույն թվականի մարտի 13-ին դիմել էր ՀՀ վարչապետին Ջերմուկը ազդակիր համայնք ճանաչելու խնդրանքով: Սակայն դիմումին պատասխանել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, ով տեղեկացրել է. «Ինչ վերաբերվում է ազդակիր համայնքի ընտրությանը, այն կանոնակարգվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածով: Ամուլսարի հանքավայրի դեպքում այն իրականացվել է վաղուց: Ուստի, Ջերմուկ քաղաքը ևս ազդակիր համայնք ճանաչելը, վերոնշյալ պատճառներով պայմանավորված, հնարավոր չէր»: