Home / Հայաստան / «Հրաժական պահանջելը սովորություն է». Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը չի լքի

«Հրաժական պահանջելը սովորություն է». Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը չի լքի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Իսկ ո՞վ է ինձնից հրաժարական պահանջել, որ ես հրաժարական տամ: Էս երկրում սովորություն է դարձել հրաժական պահանջելը: Եթե երկրպագուները չուզենան՝ ես լինեմ, միանշանակ կտամ հրաժարական:  Բայց եթե մի քանի մարդ անձնական մղումներով  պահանջում է նման բան, դրան անդրադառնալ չեմ ուզում: Ես կխնդրեի այդ մարդկանց վիրտուալ կյանքից դուրս գան, խնդիր չկա, նստենք խոսենք, թող չվախենան, համարձակություն ունենան, ես ոչ մի վատ բան չեմ անում»,- ասել է Հայրապետյանը: Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՖՖ նախագահն ասել էր, որ հրաժարականի ցանկություն ունի:

Անդրադառնալով Դանիայի հավաքականի հետ խաղին (Հայաստանը հաղթեց 4:0 հաշվով)՝ Հայրապետյանն ասել էր, որ ֆուտբոլիստների արածը հերոսություն չէ:

«Հերոսություն չի, եթե հերոսություն ա, մեր շախմատիստներին ի՞նչ պետք է ասենք»,- ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ իր հասցեին ստեր են գրում, օրինակ, թե իբր ինքը Մալթայի հետ խաղը վաճառել է:

«Պատրաստ եմ ամեն ինչ գնելու, այդ թվում՝ նման բաներ ասողներին»,- ասել է Հայրապետյանը:

Ըստ նրա՝ անարդար է, երբ հավաքականի անհաջողությունների մեջ մարդիկ չեն վարանում մեղադրել իրեն, սակայն վրդովվում են, երբ նա միջամտում է հավաքականի այս կամ այն հարցին: 

Նա անդրադարձել է 2008-2009 թվականներին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի Յան Պոուլսենի այն հայտարարությանը, թե Հայրապետյանն իրեն հեռացրել է, քանի որ ցանկացել է միջամտել հավաքականի կազմի ընտրությանը:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ Յան Պոուլսենը մեծ ստախոս է: Հայրապետյանը պատմել է, որ ինքը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ մարզիչը խաղադաշտ է դուրս բերել վնասվածք ունեցող ֆուտբոլիստի, ինչին Պոուլսենը պատասխանել է, որ  ֆուտբոլիստն իրեն ասել է, թե ի վիճակի է խաղալ:

«Ես էլ ասեցի՝ եթե դուք հավաքականի կազմը որոշում եք ֆուտբոլիստի ցանկությունների համաձայն, ապա դուք հեռացված եք», – ասել է Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը նաև կարծիք է հայտնել, թե հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բարձրակարգ մասնագետ է, և մի խնդիր ունի՝ լրագորղների հետ շփվելը.

«Նա սխալվել է լրագրողներին թերագնահատելով, և պատասխանները ստացվել են ոչ կոռեկտ» , – ասել է Հայրապետյանը՝ նկատի ունենալով Չեխիայի խաղից հետո Մինասյանի մամուլի ասուլիսը, երբ վերջինս պատասխանելով Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի գավաթում հայտնվելու շանսերի մասին հայտարարել էր. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Դուք ինձանից նման բան լսե՞լ եք»: