Վարչապետի՝ օֆշորային գոտում գրանցված ընկերություն ունենալու մասին հրապարակումները ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում կառավարական խորը ճգնաժամ կառաջացնեին: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն, ՀՀ ազգային անվտնագության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ օֆշորային գոտում վարչապետի անունով գրանցված ընկերության մասին գրել էր hetq.am կայքը, իսկ Տիգրան Սարգսյանը դիմել էր դատախազություն՝ պահանջելով ստուգել տեղեկությունը:
Ըստ Շահնազարյանի՝ հրապարակումից հետո իշխանությունները պարտավոր էին իրականացնել երկու քայլերից մեկը. առաջին՝ վարչապետը և ողջ կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տային, և դրան պետք է հետևեին արդեն իրավական գործառույթներ:
«Եվ երկրորդ՝ եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե՝ հրապարակումը որևէ կապ չունի իրականության հետ, և վարչապետը որևէ առնչություն չունի օֆշորում գրանցված ընկերության և գումարային փոխանցումների հետ, ճիշտ է, ապա խնդիրը պակաս լուրջ չէ, գուցեև ավելի: Եթե ինչ-որ անձեր կամ կազմակերպություն ՀՀ վարչապետի անունով օֆշորում նման գործառույթներ են իրականացրել՝ սա արդեն հարված է պետությանը և ազգային անվտանգության լուրջ խնդիր», – ասել է Շահնազարյանը:
Բանախոսի կարծիքով՝ իշխանության քայլերը համարժեք չեն, մինչդեռ բավական ժամանակ է անցել, և, եթե իրենց առաջ քաշած վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արդեն այդ առիթով քրեական գործ հարուցված լիներ, և այդ գործի շրջանակներում սպառիչ պատասխաններ տրվեին, թե ի՞նչ ուժեր են ՀՀ վարչապետի անունից նման գործարքներ իրականացրել: