Այսօր ԱՄՆ դեսպանությանը 2 կազմակերպություններ և 3 անհատներ մրցանակներ են ստացել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման համար:
Ամենամյա մրցանակները հանձնում են ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին հանձնեց ազատության պաշտպանի մրցանակը:
«Լևոնը արտասովոր քաջություն և անձնական նվիրվածություն է ցուցաբերել` պաշտպանելով լայն շրջանակի իրավունքներ և տրամադրելով խոսքի ազատության իրացման բաց հարթակ յուրաքանչյուրին` անկախ քաղաքական, ազգային, սոցիալական կամ կրոնական համոզմունքներից», – ասել է Օլեքսանդր Պավլյուկը:
Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը Իրավունքի «Իրավունքի Եվրոպա» միավորմանը հանձնեց քաղաքացիական ակտիվիզմի մրցանակը: Իր խոսքում դեսպանը նշել է. «Այս տարվա քաղաքացիական ակտիվության մրցանակի հաղթողները՝ «Իրավունքի Եվրոպա» միավորումը, ցույց է տվել, որ մեր քվեարկելու իրավունքը պաշտպանելու կարևոր գործիքներից մեկը հենց իրավական համակարգն է: Այն պահանջում է արհեստավարժ ու քրտնաջան աշխատանք՝ օրենքի առաջնակարգ իմացությամբ, և երիտասարդ իրավաբանների այս խումբը ցույց է տվել, որ նրանք ունեն վճռականություն փոփոխություն անելու:»
«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստասեսությանը հանձնել է մեդիա գերազանցության մրցանակը:
«Սիվիլիթասը փոխեց և բարելավեց Հայաստանի մեդիա հարթակը: Տրամադրելով բովանդակալից նորություններ, օգտագործելով սոցիալական մեդիայի բոլոր հնարավորությունները և մոբիլիզացնելով երիտասարդ տեղական, ինչպես նաև սփյուռքի լրագրողներին՝ «Սիվիլնեթը» բարձր չափանիշ սահմանեց Հայաստանի լրատվամիջոցների համար», – ասել է Հոֆսթրան:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Նաիրան ցուցաբերել է հսկայական քաջություն` նպաստելով իր համայնքի տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացմանը: Նա իսկապես ոգեշնչման աղբյուր է, և ես հպարտ եմ պարգևատրելու մեկին, ով մարմնավորում է այն պարտավորությունների ոգին, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն»,-ասել է Սորոկինը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թրայան Հրիսթեան Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին հանձնել է տեղական ինքնակառավարման բարեփոխչի պարգևը: «Համայնքները Հայաստանի հասարակության կարևոր օղակն են և դրական տեղաշարժերի օջախ դառնալու ներուժ ունեն: Պարոն Վարոսյանն իր գործունեությամբ թափանցիկ ու ներառական տեղական ինքնակառավարումը խթանող առաջնորդի վառ օրինակ է», – ասել է Հրիսթեան: