62-ամյա Պարույր Գուլգուլյանը տարբեր գերատեսչություններին գրած դիմումներին պատասխաններ չի ստանում: Նա պնդում է, որ իր գործում խախտումներ և կեղծիքներ կան, որոնց վրա դատարանը աչք է փակում:
Epress.am-ի հետ զրույցում Գուլգուլյանը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է դեռևս 1993 թվականի նոյեմբերի 28-ին, երբ ինքը որոշել է վաճառել իրեն պատկանող սարքավորումները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 53 հազար դոլարից ավելին: Իր ծանոթ Սամվել Կարախանյանը հորդորել է սարքավորումներով բեռնված մեքենան ժամանակավոր կանգնեցնել իր սեփական տան բակում:
Պոտենցիալ գնորդը հաջորդ առավոտը հայտնել է, թե ապրանքը կգնի 1 շաբաթ անց, երբ վերադառնա Ռուսաստանից, սակայն 1,5 ամիս անց հրաժարվել է ապրանքը գնելուց:
Մեր զրուցակիցը նշել է, թե դրանից հետո ոչ մի կերպ չի կարողացել Կարախանյանից հետ ստանալ իր ապրանքը: Նրանց ընդհանուր ծանոթ Արարատ Խրիմյանը սկսել է պաշտպանել Կարախանյանին՝ հայտարարելով, թե Գուլգուլյանին «ճակտից կգյուլլի» ու սպառնալով՝ «չե՞ս վախենում, երկու անչափահաս երեխա ունես»:
«Կարախանյանը Խրիմյանի օգնությամբ հափշտակել է 53 հազար դոլարի ապրանքը, կազմել կեղծ առք ու վաճառքի պայմանագիր: Հիմա էլ շուխուր են դրել, թե Խրիմյանը մահացել է: Ես էլ ասում եմ, որ նա չի մահացել ու նրա փոխարեն «մասկա» են թաղել: Ոչ բժշկի թուղթ կա, ոչ մահվան վկայական, առավել ևս՝ անձնագիրը հանձնված չէ թաղման բյուրո», – պատմել է Գուլգուլյանը:
Նրա խոսքով՝ «արանքից հանել» են Խրիմյանին, քանի որ նա է ղեկավարել ամբողջ գործընթացը, իսկ Կարախանյանը ընդամենը կատարածու է: Մեր զրուցակցի խոսքով՝ Արարատ Խրիմյանին պատասխանատվությունից ազատելու համար կեղծ փաստաթղթերի հիման վրա հայաստանյան դատարանի բոլոր ատյաններում որոշում է կայացվել իր բողոքը կարճելու մասին:
«Ես պահանջում եմ իմ գումարը, նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկել ու ինձ վերադարձնել տոկոսները: Բազմիցս դիմել եմ դատարաններ, սակայն ոչ մի արդյունքի չեմ հասնում, անընդհատ պնդում են, թե գոյություն ունի նախկինում ուժի մեջ մտած որոշում, բայց ոչ մի դատավոր չի ասում, որ այդ որոշումը կայացված է դատախազության կողմից և կայացված կեղծ պայմանագրի հիման վրա: Գերմանիայից ուղեբեռը բերելու ոչ տոմսեր կան, ոչ բժշկի թուղթ, հայտնի չեն նաև ուղեկցողի ու դիմավորողի անունները: Անգամ մահվան վկայական չկա: Ցավալին այն է, որ նրանց փաստաբան Սողոմոն Թրաշյանը դատարանին միջնորդություն է ներկայացնում, որտեղ գրում է, թե ներկայացնում է հողհատկացման և մահվան վկայականների պատճենը, բայց որպես այդպիսին մահվան վկայականի պատճեն գոյություն չունի, գոյություն ունի ընդամենը տեղեկանք, որում ասվում է, որ մահվան վկայական ստանալը հետաձգվում է և դա առավել ևս, որ բնօրինակ չէ, պատճենահանված գերմաներենից թարգմանված է պատճենահանված ռուսերենով՝ առանց նոտարական վավերացման», – ասել է Գուլգուլյանը:
Այժմ նա քաղհայցով դիմել է դատարան՝ պահանջելով նախկինում Վճռաբեկ դատարանի կողմից իր բողոքի կարճման որոշումն անվավեր ճանաչել: Գուլգուլյանը նշում է, որ հիմքեր ունի դրական որոշում կայացնելու, քանի որ նախկինում Խրիմյանի կողմից կնքված սարքավորումների առքուվաճառքի պայամանգիրը անվավեր է ճանաչվել: Հայցվորն առաջարկում է Խրիմյանի արտաշիրիմում անել:
Գուլգուլյանը նշել է, որ այդ պահանջից հետո դատավորն իրեն ասել է՝ «անհարմար չէ՞, դու կուլտուրական, բարի տղաս ես, ի՞նչ արտաշիրիմում ես պահանջում»:
Հայցվորը նամակով դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքչեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանին և Սերժ Սարգսյանին՝ պահանջելով արդար որոշում: Նա դատարանից խնդրում է ներկայացնել Խրիմյանի մահը հաստատող բնօրինակ փաստաթղթերը:
«Հարգելի դատարան, եթե արտաշիրիմումից հետ ապացուցվի, որ Արարատը իրոք մահացել է, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել օրենքի առաջ, որի համար ստորագրում եմ: Ուստի միջնորդում և պահանջում եմ՝ անվավեր ճանաչել Արարատ Խրիմյանի «մահվան փաստը հաստատող դատական ակտերը», կատարել արտաշիրիմում և ԴՆԹ-ի հետազոտում՝ իմ և լրատվամիջոցների մասնակցությամբ՝ մահվան փաստը հաստատելու կամ հերքելու նպատակով», – եզրափակել է Գուլգուլյանը: