Թուրքիայում օրերս տեգոր կողմից սպանված գյումրեցի, ազգությամբ եզդի Մայան 12 տարի առաջ ամուսնացել էր թուրք տղամարդու հետ: Ինչպես հաղորդում է Galatv.am-ը, կնոջ հարևանները պատմել են, որ ամուսիններն իրար շատ են սիրել:
«Էնքան սիրով էին, էլ ասելու չէր, մի անգամ գիշերով տեսանք մարդուն, ինքն էլ էր հայերեն սովորել, հարցնում ենք՝ ու՞ր, ասաց Մայայիս սիրտը ձուկ է ուզում, գնում եմ՝ ձուկ բերեմ ձորից: Մայան երկու երեխա ուներ իրանից, բայց երեք էլ ուներ, մինչեւ թուրք տղամարդուն հանդիպելը: Հիմա շատ մանրամասներ չգիտենք: Գիտենք միայն, որ գնացել էր Ստամբուլ՝ ամուսնու մոտ, ու իրան անցած գիշեր բերել են այնտեղից»,- պատմել է կնոջ հարևաններից մեկը:
Հարևանները պատմել են նաև, որ Մայայի ամուսինը սթրեսի մեջ է, նա անգամ խոսել չի կարողանում: «Ոնց որ խեղճ տղայի գլխին տված լինեին, սարսափելի էր, եկան կանչեցին Գյումրու ոստիկանություն, գնաց»,- պատմել է մահացածի տան դիմաց հավաքված տղամարդկանցից մեկը:
Հարևաններն ասել են նաև, որ շատ բան չեն հասկանում, քանի որ Մայայի բնակարանում հավաքված եզդի կանայք հիմնականում իրենց լեզվով են խոսում:
Սպանված կնոջ մորեղբոր դուստրը՝ Բահրամ Բեսին, ԳԱԼԱ-ին պատմել է. «Այ սրանց հորեղբայրն է կրակել /ցույց տալով Մայայի որդուն/, իրանց աչքի դիմաց, իրան հարցրու հեսա կպատմի, ասել է իբր թռչուն էր կրակում…»:
Կնոջը ընդհատել է սպանված կնոջ կրտսեր որդին՝ չորսամյա Սալին (լուսանկարում), ով ասել է. «Մորքուր, խաբում են, թռչուն չէր կրակում, ինքը բռնեց, մենք կերթայինք, որ պտի լողցներ մաման ինձի, ինքը մամային կրակեց: Ես հետո գնացի պապային գոռացի, պապան եկավ, ընկավ վար: Հետո դրեցին ավտոյի մեջ, մամայիս տարան հիվանդանոց»:
ԳԱԼԱ-ին հաջողվել է պարզել նաև, որ Մայայի ամուսինը Թուրքիայում ևս կին ու երեխաներ ունի: Հարազատները պատմել են, որ Մայային Թուրքիայում չեն սիրել:
Հարևանների խոսքով՝ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, սա ակնհայտորեն դուր չի եկել ամուսնու եղբորը:
Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի