Թուրքիայում ՀՀ քաղաքացի է սպանվել, ով գրանցված է Գյումրիի Մուշ 2 թաղամասում, հաղորդում է Galatv.am-ն: Քաղաքացուն սպանել են իր չորս երեխաների աչքի առաջ:
«Գնդակահարել են, ու դա արել է նրա տեգրը, պատմում են, որ սպանել է երեխաների աչքի առաջ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկում աշխատող նրա հարևանուհին, ով չցանկացավ ներկայանալ:
Բուժաշխատողները ևս ասացին, որ ճանաչում են սպանված կնոջը, նա ամուսնացել է ազգությամբ թուրք տղամարդու հետ, ունեցել են 4 երեխա և երկար ժամանակ Գյումրիում ապրել են հաշտ ու համերաշխ:
«Էնքան սիրով ամուսիններ էին, որ չեք պատկերացնի, միշտ երեխաներին բերում էին հիվանդանոց պատվաստման, շատ ուշադիր ծնողներ էին, թուրք տղամարդը զգացվում էր, որ շատ է սիրում նաև կնոջը, իրար հասկացել ու ապրում էին: Նա նաև հայերեն էր սովորել, շատ ուշադիր էր կնոջը»,- պատմել են հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր ճանաչում էին ամուսնական զույգին: Նրանց խոսքերով՝ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, սա ակնհայտորեն դուր չի եկել ամուսնու եղբորը, ով էլ սպանել է նրան:
Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնից, որտեղից փոխանցեցին, որ դեպքը կատարվել է Թուրքիայի քաղաքներից մեկում, և հիմա այնտեղից կնոջ դին են տեղափոխել Գյումրի՝ հուղարկավորելու:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ ասել է, որ տեղեկությունները շատ չեն. «Այդ երկրի հետ դիվանագիտական որեւէ հարաբերություն չունի մեր երկիրը, և մանրամասներ ճշտել դեռ չի հաջողվել, գիտենք, որ հետաքննություն է սկսվելու, իսկ մանրամասները, թե ո՞վ, որտե՞ղ և ինչո՞ւ, դեռ ճշտվում են»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ բնակչուհին ազգությամբ եզդի է, բայց բնակվել է Հայաստանում և ՀՀ քաղաքացիություն ունի: