Home / Հայաստան / Կապանի քաղաքապետարանը մտադիր է հրաժարվել ջրամատակարարման համակարգի տնօրինումից

Կապանի քաղաքապետարանը մտադիր է հրաժարվել ջրամատակարարման համակարգի տնօրինումից

Կապանի քաղաքապետարանը որոշում է ընդունել խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգը 25 տարով անվճար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությանը փոխանցելու մասին: Սակայն այս մասին պայմանագիր դեռ կնքված չէ:

Ecolur.org-ի փոխանցմամբ՝ հարցի ակտիվ քննարկումը տեղի ունեցավ հունիսի 13-ին` Կապանի քաղաքապետարանում: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, կազմակերպությունը դեմ է արտահայտվել այդ որոշմանը:

«Մենք չենք հավատում «Հայջրմուղկոյուղուն», որ ստանալով մեր ջրի ողջ տնօրինությունը, այն լավ կկառավարի: «Հայջրմուղկոյուղի»-ն մինչ օրս չի կատարել դատական որոշումը` կոյուղատարերի մաքրման և ջրի աղտոտման արդյունքում էկոլոգիական աղետի վերացման մասին»,- նշել է Ղազարյանը:

Նա մտահոգիչ է համարել այն, որ «Հաջրմուղկոյուղի»-ն մտադիր է 6 միլիոն դոլարի վարկ ստանալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերակառուցման համար:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ծախսվում ՎԶԵԲ-ի վարկերը: Ընկերությունը կասի, որ փոխել է ամբողջ համակարգը և մեծ ծախսեր ցույց կտա: Իսկ հետո կսկսի փակել վարկը և գերշահույթ ստանալ մեր հաշվին` ավելացնելով ծառայությունների վճարը: 9 տարվա ընթացքում մենք համոզվել ենք, որ «Հայջրմուղկոյուղի»-ն չի կատարում իր պարտավորությունները, եւ անթույլատրելի է նրա տնօրինությանը տալ մեջ ջուր»,- հայտարարել է Ղազարյանը: