Հայաստանում շարունակվում է ԽՍՀՄ տարիներին առկա քաղաքական բռնաճնշումը: Այս մասին երեկ Ազատության հրապարակում ասել է «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ապա իր ելույթն ամփոփել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Նա համեմատել է ԽՍՀՄ ժամանակ մոտ երեսուն տարի տևած բռնաճնշումների շրջանում Հայաստանից հարկադրված հեռացված և անկախ Հայաստանից «կամավոր» հեռացած մարդկանց թվաքանակը և նրանց հնարավորությունները: Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքական բռնաճնշումը շարունակվում է այլ ձևերով և մնում է միայն երգել` «Այս ուրախ կյանքը մեղ ընկեր ՀՀԿ-ն է տվել», ինչը, ըստ Խառատյանի, անում են «Սյունյաց արծիվները»:
Խառատյանը նշել է, որ հունիսի 14-ն այն օրն է, որից ուղիղ 62 տարի առաջ Խորհրդային իշխանությունների կողմից Հայաստանից աքսորվել է 12 հազար մարդ: Ըստ նրա՝ քիչ մարդիկ են այդ օրը հիշում, թեև այն շատ ակտուալ է, քանի որ մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որտեղ կուսակցության մենիշխանություն կա:
Ազգագրագետն ասել է, որ իրականում մենք չենք ցանկանում հիշել բռնաճնշումների մասին, թեև դրա հոգեբանական կրողն ենք և մեր մեջ արմատացած վախի զգացումը հենց այդ շրջանից սկսված վախի շարունակությունն է:
«Հայաստանից մարդիկ հարկադրված են հեռանալ: Հարկադրված են ոչ թե «իրավական քաղաքական կամքով», ինչպես խորհրդային շրջանի առաջին երեսնամյակին էր, երբ իրավական ինստիտուտներն էին որոշումներ ընդունում և բռնի ուժով տեղափոխում մարդկանց, այլ «գործնական քաղաքական կամքով», երբ երկրի քաղաքական իշխանությունը ստեղծել է մարդու ֆիզիկական և բարոյական կյանքի շարունակության համար անհամատեղելի պայմաններ: Առաջին դեպքում, ի թիվս այլոց, եթե աքսորվածները ԳՈՒԼԱԳ-ում չէին, նրանց սոցիալ-տնտեսական կյանքը քիչ էր տարբերվում նախաաքսորի կայնքից՝ նրանք «ձայնազուրկ էին», այսինքն` իրավունք չունեին ընտրություններին մասնակցել, և տեղաշարժվելու իրավունքը խիստ սահմանափակ էր: Նույն բանը, սակայն, մեծ հաշվով տարածելի է չաքսորվածների վրա: «Ձայնի իրավունք» ունեցողների ընտրական իրավունքն արտահայտվում էր գլխավորապես ընտրացուցալում առկա մեն-միակ թեկնածուի անվան դիմաց նշում անելով, իսկ տեղաշարժվելու հնարավորություններն այնքան սուղ էին, որ համարյա հավասարվում էին տեղաշարժվելու սահմանափակման իրավունքին: Անկախ Հայաստանի վերջին քսանամյակում Հայաստանից «ինքնաքսորվել» է առնվազն քսան անգամ ավելի մարդ, նրանք Հայաստանում փաստացի «ձայնազուրկ» էին, քանի որ ինչ ընտրություն էլ կատարվեր թղթի վրա` ընտրության արդյունքը որոշողը միշտ ԿԸՀ-ն է, նրանց «ինքնաքսորման» պատճառը ոչ թե ապրելու վայրի ընտրություն է, այլ` արժանապատիվ կյանքի համար երկրում ստեղծված պայմանների անհամապատասխանելիության հետևանքով առաջացած հարկադրանք», – Facebook սոցիալական ցանցում գրել է Խառատյանը: