հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ակտիվիստները պնդում են՝ երիտասարդ կինը ինքնասպան չի եղել, պահանջում են վերաբացել գործը

Ակտիվիստները պնդում են՝ երիտասարդ կինը ինքնասպան չի եղել, պահանջում են վերաբացել գործը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մի խումբ անդամներ այսօր հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել 2012 թվականի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում մահացած 20-ամյա Մարո Գուլոյանի գործը, որում տուժող կողմը բազմաթիվ հակասություններ է նկատել:

«Մարոն ինքնասպան չի եղել», «Բացահայտեք ճշմարտությունը», «Պատժել բռնանարին» գրությամբ պաստառները ձեռքերին նրանք 1 ժամանոց ակցիա են անցկացրել: Ակտիվիստները վստահելի չեն համարում քննության այն վարկածը, համաձայն որի Մարոն ինքնասպան է եղել ամուսնու տան լոգարանում՝ կախվելով խալաթի գոտու օգնությամբ:

Տուժող կողմը պաշտոնապես պահանջել է ինչպես Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությունից գործի քննությունը Կոտայքի մարզից Երևան տեղափոխել, սակայն այդ պահանջից մեկ շաբաթ անց հաջորդել է քրեական գործի կարճման մասին որոշումը:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության իրավաբան Լուսինե Մինասյանը, ով զբաղվում է գործով, այսօր հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին ու ներկայացրել է իրենց պահանջները:

«Վերջնական հաշվով հանգեցինք նրան, որ դատախազության աջակցությունը լինելու է գործի նյութերը քննչական մարմնից դատարան ուղարկելու պրոցեսն արագացնելու մեջ: Մեր առջև երկնտրանք դրվեց՝ կամ դատախազությունն է որոշում, այսինքն՝ գլխավոր դատախազի ինստիտուտի միջոցով է քրեական գործի կարճման մասին որոշումը վերացնել, կամ դատական պրոցեսների միջոցով: Մենք ճիշտ ենք գտնում դատարանի միջոցով, քանի որ հետագայում նաև բողոքարկման իրավունք կունենանք», – պատմել է Մինասյանը:

Նա շեշտել է, որ իրենք արդեն պահանջել են գործի քննությունը տեղափոխել Երևան, ինչի համար դիմել են քննչական գլխավոր վարչություն, սակայն ոչ ոք ուշադրության չի արժանացրել:

«Գործի քննությունը Աբովյանում  ու ընդհանրապես Կոտայքի մարզում թողնելը կլինի մեծագույն սխալ ու միանշանակ պայքարելու ենք Երևան տեղափոխելու համար», – ասել է Մինասյանը: Նշենք, որ Մարո Գուլոյանի ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգականն է:

Փաստաբանը հույս է հայտնել, թե գլխավոր դատախազությունն իր ուշադրության կենտրոնում կպահի Գուլոյանի գործը և դատարանում հաշվի կառնվեն գործում առկա հակասությունները:

Մինասյանը նշել է, թե այն, ինչ իրականում տեղի է ունեցել՝ հայտնի է միայն Գուլոյանների ընտանիքի անդամներին, հետևաբար այս պահին մեղադրանքներ հնչեցնել չեն կարող:

«Նախաքննության գաղտնիությունից ելնելով մենք շատ ուշ ծանոթացանք ցուցմունքներին, բայց ծանոթանալուց հետո տեսանք, որ այնքան աբսուրդ ցուցմունքներ են տվել, ու դրանք կարող էր վարույթն իրականացնող մարմինը նկատել: Խալի լվանալու պատճառով ամուսնուց նեղանալն ու ինքնասպան լինելը ուղղակի աբսուրդ է ու վարույթն իրականացնող մարմինն այդ հեքիաթին շատ քաղցր ձևով հավատաց: Ամեն դեպքում, վարույթն իրականացնող մարմինը այս գործում շատ-շատ անելիք ունի» – նշել է փաստաբանը:

Փաստաբանը նաև խոսել է շրջանառվող այն շեշտադրման մասին, թե Մարո Գուլոյանն ունեցել է 2 եղբայր, որոնք ինքնասպան են եղել: Մինասյանի խոսքով՝ այդ եղբայրները եղել են այլ մորից ու նրանց գենետիկական կոդը կարող էր տարբեր լինել:

«Գործով ոչ մի գենետիկական փորձաքննություն չի նշանակվել, և վարույթն իրականացնող մարմինն իր ներքին համոզմամբ գտել է, որ եթե նման եղբայրներ ուներ, հնարավոր է՝ ինքն էլ ունենար այդ գենետիկակակն հակվածությունը: Բայց բոլոր մասնագետներն էլ կփաստեն, որ նման եզրահանգում անել, առավել ևս կարճման որոշման հիմքում դնել, դա ուղղակի աբսուրդ է», – եզրափակել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ Մարոն մեկ երեխա ունի, ով հոր ընտանիքում է գտնվում: Համաձայն Մինասյանի, երեխային մոր ընտանիքին հանձնելու հարցը թեև շատ կարևոր է, սակայն դա որպես հետագա գործողություն է լինելու, հիմա առաջնային գործողությունը  գործը վերաբացելն է: