Մայիսի 23-ից պարապուրդի մատնված խաղային կռունկ ապարատների տերերը այսօր Գյումրիից Երևան էին եկել՝ կառավարությունից պահանջելով վերանայել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի խաղային ապարատները պետք է տարեկան հարկվեն 5 միլիոն դրամով:
Նշենք, որ օրենքը սկսել է հավասարապես կիրառվել թե խաղատների, թե շահումով խաղերի դեպքում, եթե տվյալ շահումը ոչ թե, օրինակ, խաղալիք է, այլ ծխախոտ:
«Մայիսի 25-ին նամակ ենք հանձնել Ֆինանսների նախարարությանը, կառավարությանը, այնուհետ՝ ՀՀ նախագահին, մինչև հիմա պատասխան չկա, մենք էլ եկել ենք պատասխանի հետևից: Մենք էլ ուզում ենք աշխատել, բայց մեր երկրում չեն թողնում, սաղս պետք ա թողենք, էթանք Հայաստանից», -Epress.am-ին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, ով չի նշել անունը:
Բողոքողները նշել են, որ իրենց ընկերներից շատերն օրենքի ընդունումից հետո ընդմիշտ հեռացել են Հայաստանից:
25-ամյա Արսեն Հակոբյանը նույնպես փաստել է, որ 2 օրից ինքն էլ իր ընկերների պես աշխատանք փնտրելու նպատակով լքելու է Հայաստանը:
Ավելի ուշ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը (գլխավոր լուսանկարում-խմբ.) մոտեցել է հավաքվածներին և ասել է, որ 5 միլիոն դրամ վճարելը օրենքի պահանջն է, ու բոլորը պետք է ենթարկվեն այդ պահանջին:
Ակցիայի մասնակիցները Ղազարյանի հետ զրույցում հարցրել են՝ արդյո՞ք կառավարությանը հետաքրքրում է, որ այդ նույն ընդունված օրենքով 10 հազար մարդու կտրել են հացից ու դրդում են գողության:
«Եթե կդառնաս, քեզանով կզբաղվեն համապատասպան մարմինները»,- ասել Ղազարյանն ու հավելել՝ «գնա ուրիշ գործ արա, գնա-դիմի քաղաքապետարան, էնքան աշխատանք կա»:
Շուրջ 30 րոպե տևած զրույցից հետո ակցիայի մասնակիցները հիասթափված հեռացել են:
«Պետությունը մեր ժողովրդին դեմ է, եթե մի հոգու ջեբը էդ փողն էրթար, ստեղ էլ՝ (կառավարության մոտ- խմբ.) կդնեին էդ ապարատը: Գնալու եմ սև լենտ խփեմ ապարատին, տանեմ թաղեմ», -ասել է Վարդան Եղիազարյանը: