Չափազանց կարևոր է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդներն իմանան, թե ինչ են մտածում բանակցությունների մասին հակամարտությունից ամենաշատը տուժած խմբի ներկայացուցիչները՝ փախստականները: Փախստականների ձայնը լսելի դարձնելու նպատակն են իրենց առջև դրել այսօր Երևանում ներկայացված «Փախստականների վերադարձեր իրենց տներ. Իրավունք, թե պարտականություն» զեկույցի հեղինակները՝ հայաստանյան Democracy Today (Ժողովրդավարությունն այսօր) և ադրեջանական Association for protection of Women’s Rights named after D. Alieva (Դ.Ալիևայի անվան Կանանց իրավունքների պաշտպանության ասցիացիա) կազմակերպությունները:
Զեկույցի հեղինակները հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և Ադրբեջանում, որի ընթացքում հարցումներին մասնակցել են 60 հայ և ադրբեջանցի փախստականներ՝ հիմնականում Բաքվից, Սումգաիթից և Լեռնային Ղարաբաղից: Նրանցից 47-ն ասել է, որ հույս չունի վերադառնալ իրենց տներ, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան:
«Մեր նպատակն է ցույց տալ փաստեր փախստականների մասին և այդ փաստերին հորդորել նայել մարդու իրավունքների տեսանկյունից, այլ ոչ թե դիվանագիտական: Պետք է նաև չմոռանալ, որ փախստականների խնդիրը փոխվում է, գործընթացներ են տեղի ունեցել վերջին տարիներին, դրանք ևս պետք է հաշվի առնել»,- այսօր զեկույցի ներկայացմանն ասել է Democracy Today-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը:
Զեկույցի հեղինակները համոզված են, որ ղարաբաղյան խնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է պարտադիր հաշվի առնեն, որ երկու կողմերի փախստականների խնդիրները միաժամանակ պետք է լուծվեն, և եթե հարց է բարձրացվում մի կողմի փախստականների վերադարձի մասին, ապա մյուս կողմի փախստականները ևս պետք է վերադառնան:
«Փախստականներին երկու կողմերն էլ համարում են բեռ: Նրանց, ինտեգրացնելու փոխարեն, կղզիացնում են: Բայց պետք է հասկանալ, որ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է: Փախստականները մարդիկ են, և նրանք չպետք է դառանան քաղաքական խաղաքարտ դիվանագետների ձեռքին, նրանց խոսքը պետք է բերել բանակցությունների սեղան»,- ասել է Գյուլնարա Շահինյանը:
Նրա խոսքով՝ փախստականների ինտեգրման խնդիրներից է նաև այն, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը գնտվում են վատ ֆինանսատնտեսական վիճակում, ուստի փախստականներին օգնություն տրամադրելը ստեղծում է լարվածություն նրանց և տեղացիների միջև: Իսկական ինտեգրումը, ըստ Շահինյանի, փախստական մասնագետներին գործով ապահովելն է, այլ ոչ օգնություն տրամադրելը:
Democracy Today-ի նախագահը տեղեկացրել է նաև, որ ադրբեջանական կողմը հարցումներ անցկացնելու ընթացքում որոշակի խոչընդոտների է հանդիպել, ինչը կապված էր Աքրամ Այլիսիիի գրքի շուրջ քննարկումների և հայերի հետ որևէ համագործակցություն արգելող օրենքի նախագծի շրջանառման հետ: Ինչևէ, հարցումները բարեհաջող հասցվել են ավարտին:
Նշենք, որ զեկույցի ներկայացմանն այսօր հրավիրված են եղել նաև Մինսկի Խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները, սակայն նրանք ներկա չէին: