2013 թվականին Հայաստանում ծնված տղաների շրջանում ամենատարածվածը Դավիթն (1283) ու Նարեկն (1129) են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության և մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
2011 թվականի համեմատ տղաների ամենատարածված անունների առաջատարները չեն փոխվել. այն ժամանակ էլ առջևում էին Նարեկ ու Դավիթ անունները:
Աղջիկների անունների հետ կապված փոփոխություններն ավելի մեծ են: Այս տարի ամենատարածված անունների եռյակն է՝ Նարե, Մանե և Անի:
Երկու տարի առաջ առաջին եռյակում այս անուններից միայն Մանեն էր ներկայացված, մինչդեռ Նարեն՝ 5-րդն էր, իսկ Անին՝ 6-րդը:
2011 թվականին առաջին եռյակում էին Միլենա և Մարի անունները:
Խոշոր հաշվով, սակայն, առաջին տասնյակում տարածված անունները փոխվում են միայն տեղերով, հիմնականում դրանք նույնն են. Տղաների մոտ՝ Դավիթ, Նարեկ, Արման, Արթուր, Սամվել, Գոռ, Էրիկ, Տիգրան, Հայկ, աղջիկների շրջանում՝ Նարե, Մանե, Անի, Աննա, Մարիամ, Մերի, Միլենա, Լուսինե, Էլեն, Հասմիկ: