Ադրբեջանի և Սիրիայի Կենտրոնական բանկերի նախագահները Ավստրիայի Կենտրոնական բանկի ղեկավարությունից փողերի տպագրության մասին պայմանագիր կնքելու դիմաց գումար են ստացել՝ տասնյակ միլիոնների չափով: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, նման մեղադրանքով հանդես է եկել Վիեննայի դատախազությունը:
Contact.az-ը հաղորդում է, որ հունիսի 13-ին դատախազությունը 9 մարդու դեմ «հանցավոր դավադրության» մեղադրանք է ներկայացրել, այդ թվում՝ Ավստրիայի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին:
83 էջանոց մեղադրանքի համաձայն՝ այդ 9 հոգին պայմանագրերի դիմաց կաշառքի տեսքով 2005 թվականից մինչև 2011 թվական Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովին և Սիրիայի Կենտրոնական բանկի նախագահ Ադիբ Մայալեին 14 միլիոն եվրո են վճարել: Միևնույն ժամանակ, վերջիններիս մեղադրանք չի ներկայացվել:
Գործակալության թղթակիցների հետ հեռախոսազրույցում Ադիբ Մայալեն հերքել է այս մեղադրանքները: «Դա ամբողջովին սուտ է: Ես առաջին անգամ եմ այդ մասին լսում: Մենք Ավստրիայում փող տպելու կարիք չունենք, քանի որ պայմանագրեր ունենք Ռուսաստանի հետ»,- ասել է նա:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Նամիկ Ալիևը հրաժարվել է մեկնաբանություններից՝ ասելով, որ ինքը Ռուստամովի բջջային հեռախոսի համարը չունի:
Դատախազության մեղադրանքը հաջորդել է 18-ամսյա հետաքննությանը: Ավստրիայի իշխանությունները 2011 թվականի նոյեմբերին ձերբակալել էին 4 մարդու այն բանից հետո, երբ փողերի լվացման մասին փաստեր են բացահայտվել:
Դատախազության հետաքննության համաձայն՝ ենթադրյալ հանցագործության համար պատասխանատու է Ավստրիայի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ 63-ամյա Վոլֆգանգ Դուչացեկը: Բանկի աշխատակիցներից մեկը կարողացել է ադրբեջանական պաշտոնյաներին համոզել փողերի տպագրման մասին պայմանագիր կնքել: Հաղթաթուղթը թղթադրամների դիզայներ Ռոբերտ Կալինի անունն է եղել, ով ստեղծել է եվրո թղթադրամները:
Սակայն ավստրիական կողմը Ադերբեջանից պայմանագիր չի ստացել, քանի դեռ չի խոստացել գործարքի գումարին ավելացնել ևս 20% և ավելացված գումարը «ատկատի» տեսքով փոխանցել պաշտոնյաներին:
Դատախազությունը նշում է, որ ծրագիրը հաստատվել է Ավստրիական բանկի ղեկավարության կողմից 2005 թվականին: Հաջորդ պայմանագրերը ևս ընդգրկել են կաշառքներ նույն չափով, որոնք փաստաթղթերում նշվել են որպես «վճար» կամ «կոմիսիոն գումար»:
Ավստրիական պաշտոնյաները վճարումների համար օգտագործել են կեղծ ընկերություններ Լիբանանում, Պանամայում, Աբու-Դաբիում և Վիրգինյան կղզիներում և բանկային հաշիվներ են ունեցել Լատվիայում, Դուբայում, Սլովակիայում և Մեծ Բրիտանիայում, պնդում է դատախազությունը:
Ավստրիական բանկի նախագահի տեղակալի փաստաբանն իր հայտարարության մեջ նշել է, որ «բոլոր մեղադրանքներն անհիմն են»: Նա նաև ասել է, որ իր հաճախորդը կարդարացվի դատի ժամանակ:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այս երկրի փողերի տպագրման ժամանակ պայմանագրի գինը ավելացվել է 14%-ով, պնդում է դատախազությունը, սակայն չի պարզաբանվում՝ արդյոք սիրիացի և ադրբեջանցի պաշտոնյաները տեղեկացվել են մեղադրանքների մասին: