Հայաստանի իշխանությունները միջամտել են կաթողիկոսների ընտրությունների ժամանակ: Այս մասին thetruthmustbetold.com կայքում գրում է ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը:
Նա նշում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգը միջամտել էր 1995 թվականի կաթողիկոսի ընտրություններին՝ ապահովելով Գարեգին Ա-ի գահակալումը։ Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը ևս միջամտել է՝ ապահովելով Գարեգին Բ-ի ընտրությունը 1999-ին։
«Գաղտնիք չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը բացահայտ կերպով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Սարգսյանի թեկնածության օգտին էին քարոզչություն անում։ Գաղտնիք չէր նաև, որ կառավարության անդամներն ու ներկայացուցիչները ակտիվ քարոզարշավ էին անցկացնում նրա ընտրությունն ապահովելու համար»,- Արա Մանուկյանի հետ զրույցում ասել է Միչիգան-Դիրբորն համալսարանի վաստակավոր դասախոս, «Վարդանանց Ասպետներ» հայկական եղբայրական կազմակերպության անդամ, դոկտոր Դենիս Փափազյանը։
Թե՛ Գարեգին Ա-ի և թե՛ Գարեգին Բ-ի ընտրության ժամանակ պատգամավոր եղած Փափազյանը մոտեցել է մի պետական պաշտոնյայի հարցնելու, թե ինչու է կառավարությունն ընտրության վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում ընդունել։
«Պատգամավորների մեծ մասը լավ, բայց հասարակ մարդիկ են։ Նրանցից քչերն են, որ որևէ մեկին գիտեն իրենց առաջնորդից զատ։ Սրանք հայ ժողովրդի համար կարևոր ժամանակներ են։ Մենք ունենք ազատ ու անկախ Հայաստան, սակայն բազմաթիվ խնդիրներ ունենք։ Ինչո՞ւ չպետք է հանրապետության նախագահն ու ընտրյալ առաջնորդները խորհուրդ տան ու ուղղորդեն այն պատգամավորներին, ովքեր ծանոթ չեն թեկնածուների և նրանց կենսագրության հետ։ Այս խնդիրները պետք է պարզաբանվեն, որպեսզի պատգամավորները քաջատեղյակ լինեն ընտրություն կատարելուց առաջ։ Սա կառավարամետի կամ հակակառավարականի խնդիր չէ։ Հարցը նրանում է, թե ինչն է լավ եկեղեցու համար», – պատասխանել է պաշտոնյան:
Կայքը նշում է, որ դոկտոր Փափազյանն ու նրանք, ովքեր կիսում էին այդ նույն մտահոգությունները, 1995 թվականին որոշել են չբարձրաձայնել խախտման մասին այն պատճառով, որ կառավարության ընտրությունը՝ Գարեգին Ա-ն, ևս իրենց սրտով էր։
«Այսպիսով, կառավարության ջանքերի և պատգամավորների մեղսակցության շնորհիվ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Բ-ն դարձավ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս։ Նրա ուղին հարթվել էր նաև իրեն հաջորդած Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանի՝ ընտրապայքարից դուրս գալով։ Թեև այս քայլը որոշ լրատվամիջոցներում գովերգվեց իբրև անձնուրաց և մեծահոգի, ապագա կաթողիկոսին ընտրապայքարից ստիպել էր դուրս գալ ԿԳԲ/ՊԱԿ–ի իրավահաջորդ Ազգային անվտանգության ծառայությունը, որն իրեղեն ապացույցներ ուներ իր անձնական կյանքի վերաբերյալ, ինչը կարող էր լրջորեն խայտառակել իրեն և վերջ դնել իր հոգևորական կարիերային», – գրում է Արա Մանուկյանը:
1995 և 1999 թթ. ընտրություններում դոկտոր Փափազյանի նկատած խախտումներից են եղել հետևյալները. «Առաջինը, պատվիրակության չափը հիմնված էր հայ բնակչության թվի վերաբերյալ տարբեր թեմերի ունեցած տվյալների վրա, ոչ թե եկեղեցիների ու ծխի կնքված անդամների։ Եվ, երկրորդը, ինչպես նշել էի, կարծես, պատգամավորների մեծ մասը նշանակված էին»։
Ազգագրագետ Հրանուշ Խառարյանը, ով «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ է, նույնպես շեշտում է այն փաստը, որ պատգամավորները նշանակված էին, ոչ թե ընտրված. «Պատգամավորներին էնպես էին ընտրում, որ նրանք պետք է կողմ լինեին։ Դա հատուկ էր։ Այսինքն, սուտ բան էր, որ պատգամավորը ընտրվում էր: Պատգամավորները նշանակվում էին: Ռուսաստանից 101 պատգամավոր եղավ, որ պիտի նշանակեր 2,5 միլիոնից ավելի հայերի գոյություն, որ սուտ էր: Ես շատ հաճախ էի բարձրացնում այն խնդիրը, որ անհնար է էսպես շարունակել. մի բանի անունը ընտրություն դնել, որը ընտրության հետ որևէ աղերս չունի»։
Մեկ այլ պատգամավոր, ով նախընտրել է չնշել իր անունը, հաստատել է ընտրության գործընթացին կառավարության միջամտության փաստը. «Ես գիտեի, ամեն մարդ գիտեր, որ պետությունը միջամտում է»։
Մանուկյանը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը նախընտրեց Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանին որպես Ամենայն Հայոց կաթողիկոսի իշխանական թեկնածու։ Չնայած իշխանության հովանավորյալը լինելուն, Գարեգին Ներսեսյանը դառը քննադատության թիրախ էր դարձել տպագիր մամուլում։
«Լավ խայտառակեցին և խնդրեցին, որ ընտրութիւնները հետաձգվեն շաբաթով, ամիսով, որովհետև այնպիսի մթնոլորտ էր, որ չէր կարելի այդտեղ ընտրություն անել»,- ասել է անանուն պատգամավորը։
«Այս պատգամավորը ևս մի աղբյուր է, ով հաստատել է, որ Լուիզ Մանուկյան-Սիմոնը 3 միլիոն դոլար է հատկացրել` ապահովելու Գարեգին Բ-ի ընտրությունը` թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևորական պատգամավորներին կաշառելու միջոցով։
Այն ժամանակվա ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով տնօրինում էր այդ գումարները, ըստ որոշ աղբյուրների, բռնություն է կիրառել պատգամավորների նկատմամբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանին գահին հասցնելու իր նպատակը հետապնդելիս։
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքին, վերոնշյալ անանուն պատգամավորն այն այսպես ներկայացրեց. «Ձայները ոչ թէ կեղծված էին, ճնշման տակ էին բոլորը։ Ամեն մարդ գիտի դա։ ԿԳԲ-ից կային, որովհետև իրենք ճնշում էին։ Օրական կերթային Էջմիածին»:
Ընտրության օրը` 1999 թ. ոկտեմբերի 27-ին, ի հեճուկս Հայ Առաքելական եկեղեցու կանոնի, ըստ որի աշխարհիկ և հոգևոր պատգամավորներից բացի ոչ ոք չպիտի գտնվի քվեարկության տարածքում, այնտեղ կային բազմաթիվ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ և իշխանության ներկայացուցիչներ։ Նրանք նաև բջջային հեռախոսներ էին գործածում քվեարկության ընթացքում՝ խախտելով ընտրության ընթացքում արտաքին աշխարհի հետ հեռախոսների և այլ միջոցներով կապն արգելող կանոնը: Քվեարկության ընթացքում հեռախոս գործածելիս են տեսել նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին, ով աշխարհիկ պատգամավոր էր 1999թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ։
Դատելով քվեարկման ընթացքում իշխանության ներկայացուցիչների ու գործակալների անսպասելի ու արտասովոր պահվածքից` անանուն պատգամավորն ավելի ուշ եզրակացրել է, որ Արամ Սարգսյանին և իշխանության այլ ներկայացուցիչներին տեղեկացրել են Ազգային ժողովի վրա կատարված հարձակման մասին, որը խլեց ութ պատգամավորների ու բարձրաստիճան պետպաշտոնյաների կյանքը։
ԱԺ վրա կատարված հարձակման սարսափելի բոթը հայտարարվեց միայն այն բանից հետո, երբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանի հաղթանակն ապահովված էր, և նա հռչակվեց Ամենայն Հայոց նոր կաթողիկոս։ Եթե Վազգեն Սարգսյանի մահվան գուժը ազդարարեին քվեարկության ընթացքում, Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կարող էր լինել մեկ ուրիշը։ Պատգամավորներից շատերին անձամբ Վազգեն Սարգսյանն էր վախեցրել, սպառնացել և/կամ կաշառել, որ Գարեգին Ներսեսյանի օգտին քվեարկեին», – գրում է Արա Մանուկյանը։
Լուսանկարը՝ armenianchurch.org