Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է ոստիկաններին, որոնք մամուլում և սոցցանցերում քննադատվում են Գեզի այգու ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար: Վարչապետի համաձայն, ոստիականությունը գործել է օրենքի և ժողովրդավարութան սահմաններում, նշում է Hurriyet Daily News-ը:
«Ես լսել եմ ցուցարարների ներկայացուցիչներին: Նրանք բոլորն ասել են, որ ոստիկանությունն ուժ է գործադրել: Երբ ես հարցրեցի՝ ի՞նչ ուժ, նրանք ասացին, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Դա նրանց բնական իրավունքն է, և նրանք դա կօգտագործեն: Եթե մարդիկ չանեն, այն, ինչ իրենց ասվում է, ոստիկանությունը կօգտագործի իր լիազորությունները»,- «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ անվտանգության ուժերը համբերատար են եղել՝ գործելով օրենքի ու ժողովրդավարության սահմաններում:
«Ոստիկանությունը ատրճանակներ օգտագործե՞լ է: Ոչ: Իրականաում մեր ոստիկանները համակարգված բռնության դեմ ժողովրդավարական դիրք են ընդունել և հաջողությամբ հանձնել են ժողովրդավարության թեստը»,- ասել է Էրդողանը: