Դիլիջանի միջազգային դպրոցի հիմանադիրներին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկումը անմիջական կապ ունի օֆշորային սկանդալի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պարզ է դարձել, որ Դիլիջանի դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ով հանդիսանում է նաև «Ամերիա բանկի» խորհրդի նախագահը, հայտնվել է «քցված» կարգավիճակում օֆշորային պատմության պատճառով, և այժմ, հարկային արտոնություններ չստանալու դեպքում, չի շարունակի Դիլիջանի դպրոցի շինարարությունը:
«Եթե տաք արտոնություններ, Ռուբեն Վարդանյանը շարունակում է Դիլիջանի դպրոցի շինարարութունը, եթե չեք տալիս՝ դադարեցնում է: Ընդ որում՝ շինարարությունը սկսվել է երկու տարի առաջ, 2011 թվականից միլիոնավոր դոլարներ են ծախսվել: Ի՞նչ է փոխվել: Փոխվել է մեկ բան. վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ, Նավասարդ Կճոյանի օրհնությանբ, Աշոտ Սուքիասյանը 10 միլիոն դոլար է քցել Ռուբեն Վարդարյանին պատկանող բանկին: Այդ պատճառով դպրոցի այս նախագիծը քննարկում ենք կոռուպցիոն սկանդալի ուժով:
Իշխանությունները խոստացել են, որ հարցը կլուծվի: Սակայն մայիսի 29-ին եղավ «Հետք»-ի հրապարակումը, որը ցույց տվեց, որ քցել են ոչ միայն բանկին, այլև անձամբ իրեն՝ Ռուբեն Վարդանյանին, քանի որ բանկը չէր կարող նման միջոցեր տրամադրել՝ շրջանցելով տնտեսական ռիսկերը: Դա կարող էր անել կամ Սերժ Սարգսյանի, կամ Տիգրան Սարգսյանի խնդրանքով»,- ասել է Փաշինյանը:
Պատգամավորը խնդրել է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ «սուպեր արագությամբ» իրադարձությունները զարգացան հրապարակումից հետո:
Փաշինյանը ներկայացել է իրադարձությունների ժամանակագրությունը. մայիսի 29-ին լույս է տեսել «Հետք»-ի հոդվածը, հունիսի սկզբին Սերժ Սարգսյանն այցելում է Դիլիջան, երկու օր հետո նախագիծը դրվում է քննարկման, նույն օրը որոշում է կայացվում 24 ժամվա ընթացքում՝ հատուկ ընթացակարգով քվերակության դնել հարկային արտոնությունների մասին օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
«Իմ համակրանքը, բնականաբար, Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ես չեմ ուզում, որ քցված փողերի համար վճարի ՀՀ քաղաքացին», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նկատել է, որ օրենքը հետադարձ ուժով է ընդունվելու՝ հունվարի 1-ով:
«Ով քցել է, թող նա էլ վերադարձնի: Եթե Ռուբեն Վարդանյանին թվում է, որ երաշխիքներ է ստանում, որ իրեն չեն քցի, սխալվում է: Ոնց որ երկու օրում են այս օրենքը ընդունում, այնպես էլ նոր օրենք կընդունեն, որով ավելի շատ պետք է քցեն», – ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մի քնաի օր առաջ Ռուբեն Վարդանյանը «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Հայաստանն «ունի իր խնդիրները՝ որպես կոշտ կլանային կառավարման սկզբունքով միատարր պետություն»: