Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:
Նշենք, որ Ռոզա Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մայրն է:
Համաձայն կառավարության հաղորդագրության, Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը:
ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար և մեծապես կարևորել Հայաստանում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանման հարցը:
Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի այս ճյուղի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Մեղրի արտահանման ուղղությամբ համապատասխան աշխատանքները ԵՄ-ի հետ արդեն իսկ ավարտական փուլում են: Նախատեսվում է, որ հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014 թվականի սկզբից:
«Այնուհետև անդրադարձ է կատարվել արոտավայրերի, ոռոգման և խմելու ջրի խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՖԱՄ ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով և ուսումնասիրել բարձրացված հարցերը:
Հանդիպմանը քննարկվել են նաև թռչնաբուծության և բերքի իրացման ոլորտներում ՖԱՄ անդամներին հուզող հարցերը, որոնց ուղղությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որոնք կօգնեն պարզել ֆերմերային տնտեսություններին կառավարության կողմից ցուցաբերվելիք օժանդակության մեխանիզմներն ու նախագծերը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: