Home / Հայաստան / Դինքի գործով անցած անձին կրկին կալանավորել են. նրան նոր դատավարություն է սպասում

Դինքի գործով անցած անձին կրկին կալանավորել են. նրան նոր դատավարություն է սպասում

Երեկ Թուրքիայի Տրապիզոն նահանգում ձերբակալվել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ կասկածվող անձանցից մեկը՝ Էրսին Յոլչուն: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, համաձայն Գերագույն դատարանի որոշման, Յոլչուի դատավարությունը կվերսկսվի սեպտեմբերին: Մեղադրյալն այժմ երկրորդ դատավարությանն է սպասում Տրապիզոնի Բահչեչիկ բանտում:

Յոլչուն դատապարտվել էր 12.5 տարվա ազատազրկման, բայց ազատ էր արձակվել 2010 թվականին այն բանից հետո, երբ դատարանը որոշել էր, որ նրա՝ «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելը» հաստատող բավարար ապացույցներ չկան: Օրեր առաջ  Գերագույն դատարանը փոխել էր նրան բանտից ազատ արձակելու դատավճիռը և նոր քննություն նշանակել:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից, ով ազատազրկման է դատապարտվել է մինչև 2022 թվականը: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապատրվել, իսկ ևս մեկ մեղադրյալ Էրհան Թունչելը արդարացվել է:

Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ վերոնշյալ անձինք ինքնուրույն չեն գործել, նրանց թիկունքում լավ կազմակերպված խմբավորում է աշխատել: