LՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է երեկ հնչեցրած համատեղ հայտարարությամբ:
«Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է», – Միրզոյանի խոսքերը փոխանցում է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:
Արցախի արտգործնախարարը հույս է հայտնել, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում, և նրա ղեկավարությունը «կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության և անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաև ստեղծված իրողություններն անտեսելուց»:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու և երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար», – եզրափակել է Միրզոյանը:
Լուսանկարը՝ azatutyun.am