Մի քնաի վկաներ այսօր չեն ներկայացել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ կայացել է խաբված բնակարանատերերի աղմկահայրույց գործով հերթական նիստը: Հիշեցնենք, որ ընկերությունները Երևանի կենտրոնում էլիտար կառուցված էլիտար շենքերի բնակարանները մի քնաի անգամ են վերավաճառել:
Մեղադրյալների աթոռին են «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը և «Գապբնակշին» ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը, ովքեր, ըստ մեղադրանքի, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով, բնակարաններ վաճառելու պատրվակով, հափշտակել են բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` համապատասխանաբար 10 միլիարդ 202 միլիոն դրամ արժողությամբ գույքը և 1 միլիարդ 253 միլիոն ՀՀ դրամ:
Գագիկ Պապոյանը 172 բնակարանի համար մոտ 700 առուծախի պայմանագիր է կնքել՝ յուրաքանչյուր բնակարանը մի քանի անգամ վերավաճառելով: Նա խոստացել է շենքը շահագործման հանձնել 2008 թվականին, ինչը մինչ օրս չի արվել:
Խաբված բնակարանատեր Սոնա Մաղաքյանը (լուսանկարում) Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօրվա նիստին, ինչպես նախորդ մի քանի նիստերին, չեն ներկայացել կարևորագույն վկաները, մասնավորապես, Արտաշես Կակոյանը, փոխոստիկանապետ Հայկարամ Ստեփանյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռազմիկ Ներսիսյանը և ևս երկու վկաներ:
«Այս մարդիկ ստորագրել են կեղծ փաստաթղթեր: Եվ այս էլիտար վկաները չեն գալիս դատարան»,- ասել է Սոնա Մաղաքյանը:
Նրա խոսքով՝ տուժող կողմը միջնորդել է, որպեսզի դատավոր Արշակ Վարդանյանը այլևս չբավարարվի վկաներին ծանուցելով, այլ հարկադիրի օգնությամբ վկաներին բերման ենթարկի դատարան:
Դատավորն ասել է, որ հարկավոր է ևս մեկ նիստ սպասել, ապա, վկաների չներկայանալու դեպքում, միջնորդությունը կընդունի:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը 12.30-ին: