Հունիսի 17-ին Թբիլիսիում կայացած «Դինամո»-«Շիրակ» հանդիպումից հետո բախումներից հնարավոր է եղել խուսափել վրացական ոստիկանության հստակ աշխատանքի շնորհիվ: Հանդիպմանը ներկա և իրադարձությունների կիզակետում գտնվող լրագրող Արմեն Նիկողոսյանն այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում գրել է միջադեպի մանրամասների մասին:
«Հանդիպումը մեծ հետաքրքրություն չէր առաջացրել Թբիլիսիում. 55 հազարանոց «Դինամո Արենայում» ներկա էին մոտ 1000-1500 հանդիսականներ, իսկ «Դինամոյի» ֆան ակումբից ներկա էին մոտ 200-300 մարդ: Հանդիպմանը ներկա էին նաև Գյումրիից ժամանած մոտ 50 ֆուտբոլասերներ, որոնք տեղավորված էին առանձին սեկտորում: Հանդիպման ավարտից հետո վրացի ֆանատները փորձեցին մոտենալ հայ երկրպագուների սեկտորին, բայց նրանց ճանապարհը փակեցին ոստիկանության ու ստադիոնի անվտանգության աշխատակիցները: Մեր ֆաների կողմը նետվեցին պլատիկ շշեր, փայտեր: Դեռ ստադիոնում հայերը փորձեցին «հակագրոհի» անցնել, բայց կրկին շատ աչալուրջ էին ոստիկանները. բախում չեղավ: Մոտ 30-40 րոպե հետո ոստիկանները թույլատրեցին հայ երկրպագուներին լքել ստադիոնի տարածքը, բայց պարզվեց, որ վրացի ֆուտբոլային ֆանատները հայերին սպասում էին հարակից փողոցներում: Բայց կրկին բախում տեղի չունեցավ. շատ հստակ աշխատեց ոստիկանությունը, որն այնուհետու ոստիկանական մեքենաներով հատ առ հատ ուղեկցրեց հայկական պատվիրակությանը տեղափոխող մեքենաները», – գրում է Նիկողոսյանը:
Լրագրողն ընդգծում է, որ վրացի ֆուտբոլասերներն իրենց խայտառակ պահեցին, սակայն տեղի ունեցածում փորձում է այլ կողմ էլ տեսնել:
«Հայաստանի չեմպիոնը չպարտվեց Վրաստանի չեմպիոնին Թբիլիսիում՝ սա շատ լուրջ զուտ ֆուտբոլային արդյունք է, հայ երկրպագուները ամենևին չընկճվեցին մի քանի անգամ թվաքանակով գերազանցող վրացի երկրպագուների ագրեսիվությունից, ու եթե ոստիկանությունը ժամանակին չարձագանքեր, դեռ հարց է, թե որ կողմը կտուժեր», – եզրափակում է Արմեն Նիկողոսյանը: