Հայաստանի որևէ պետական մարմին չունի օրենք, որի համաձայն պետությունը իրավունք ունենա ՀՀ քաղաքացուն ուղարկել ծառայության ԼՂՀ տարածք և նրան հանձնել այդ պետության բանակին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով բանակում կատարված սպանություններին:
Փորձագետը խոսել է դրանց հետ կապված նախաքննությունների ընթացքի և մի շարք առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը, ՀՀ զինդատախազությանը ու Ռազմական ոստիկանությանը:
Մեր զրուցակիցը նշել է, «անտրամաբանական տրամաբանությամբ» ԼՂՀ տարածքում գործում է ՀՀ զինվորական դատախազության թիվ 1, 2 և 3 կայազորները, որոնք «հսկում են այդ գործերով մեկ այլ՝ թիվ 3 ապօրինի կառույցի՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երեք կայազորային բաժինների աշխատանքները»:
«Չորրորդ ապօրինությունը Ստեփանակերտում ու մնացած ԼՂՀ մարզերում ՀՀ ՊՆ ՌՈ բաժինների առկայությունն է, ինչը, բնականաբար, անօրինական է: Հինգերորդը՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որպես նստավայր է ճանաչել Ստեփանակերտը, այն դեպքում, երբ Ստեփանակերտը չի գտնվում Սյունիքի մարզի տարածքում», – ասել է Մարտիրոսյանը:
Վերջինս նշել է, որ երբ «Հելսինկյան ասոցիացիա»-ն բարձրաձայնել է այս հարցերի մասին, «որոշ չակերտավոր հայրենասեր տականքներ հայտարարել են, թե մենք հայրենասեր չեն, ապազգային տարր են»:
Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր օրենքների համաձայն՝ եթե ՀՀ քաղաքացուն մեղադրանք են ներկայացրել, ապա նրան իրավունք ունի պաշտպանել ՀՀ փաստաբանների խորհրդի որևէ անդամ փաստաբան կամ Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ, եթե այդ քաղաքացին իրեն պաշտպանելու համար չունի ֆինանսական միջոցներ:
«Մինչդեռ առավել հաճախ որպես ինքնասպանություններ ներկայացվող սպանությունների դեպքերում քննչական ծառայության համապատասխան աշխատակիցը դիմում է ԼՂՀ փաստաբանների հանրային գրասենյակին, որպեսզի նշված անձնավորության համար անվճար փաստաբան տրամադրվի», – ասել է մեր զրուցակիցը:
Փորձագետը «հերթապահ» կամ «աքլոր» անվանումն է տվել այդ փաստաբաններին՝ ընդգծելով, որ «աքլորը» մարդկանց ծանոթ է մանկական խաղերից, որոնք միշտ մեջտեղում են եղել:
«Այդ «աքլոր» փաստաբանները քիթները խոթում են ամեն տեղ ու վերը նշված համակարգի ենթականերն ու նրանց հանցավոր համագործակիցներն են: 2011-ին փետրվարի 12-ին ԼՂՀ զորամասերից մեկում սպանված Թորգոմ Սարուխանյանի գործը հանցավոր քննության արդյունքում նենգափոխվել ու ներկայացվել է որպես ինքնասպանություն: Այս ինքնասպանության համար դատավոր Համլետ Դավթյանը երեք զինծառայողների՝ Ռոբերտ Բադալյանին, Հրանտ Կարապետյանին և ԼՂՀ քաղաքացի Վիլհելմ Ենգիբարյանին տարբեր տարիների ազատազրկման է դատապարտել՝ իբր Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանության հասցնելու նպատակով», – պատմել է Մարտիրոսյանը:
Նա ընդգծել է, որ Կարապետյանին ու Բադալյանին մեղադրանք նրակայացնելու առաջին իսկ օրվանից որպես նրանց պաշտպան է ներգրավվել ԼՂՀ փաստաբանների հանրային գրասենյակի պաշտպաններ Մարինա Գրիգորյանը ու Ազատ Ավագիմյանը, որոնք այդպիսի իրավասություն չեն ունեցել:
«Նրանք հաշվառված չեն ՀՀ փաստաբանական խորհրդում, բայց ոչ մի մարմին մինչ օրս չասաց, թե ինչո՞ւ եք անօրինականություն կատարում և ո՞վ է ձեզ թույլ տվել այլ պետության փաստաբանի ներգրավել սույն գործի մեջ: Այս խոսակցությունը ընդհանրապես չէր բացվի, եթե չլիներ մի աղաղակող ու սարսափելի փաստ, այն է՝ Մարինա Գրիգորյանն ու Ազատ Ավագիմյանը նախաքննական փուլում և դատարանում հանդես չգային ոչ թե որպես այս խեղճ ու կրակ, անմեղ զինծառայողների փաստաբան, այլ՝ նրանց բացահայտ թշնամի: Նշեմ, որ Ավագիմյանն այս պահի դրությամբ կալանավորված է և մեղադրվում է կաշառք տալու մեջ», – նշել է մեր զրուցակիցը:
Մարտիրոսյանի կարծիքով՝ նման փաստաբանների առկայությամբ մեղադրյալը իրեն շատ ավելի ընկճված է զգում, քան առանց նրանց՝ «պատահական չէ, որ ամբաստանյալներից մեկը Վերաքննիչ դատարանում հրաժարվել է Գրիգորյանի ծառայություններից»:
«Նշեմ, որ սկզբում Սարուխանյանի դատաքննությունն ապօրինաբար ընթանում էր Ստեփանակերտում, մենք հրաժարվեցինք այնտեղ գնալ ու նիստերց մեկին, որին մենք չենք մասնակցել՝ հարցաքննվել են 9-ը վկաներ, իսկ հաջորդ նիստին, որը ստիպված անցկացրին Գորիսում, հարցաքննվեց ընդամենը 1 հոգի: Տարբերությունը զգացեք՝ վկաներին բերում էին և 2-3 հարց տալիս: Փաստաբաններից որևէ մեկը լուրջ հարց չտվեց, չասաց՝ «էս ի՞նչ ստեր ես պատմում»: Օրինակ, ԼՂՀ քաղաքացի Սևակ Ավանեսյանի տված ցուցնմունքներից ակնհայտ երևում է, որ նախաքննական մարմինը նախաքննության ընթացքում տասնյակ հանցագործություններ է կատարել», -ասել է փորձագետը:
Մարտիրոսյանը նշել է, որ Ավանեսյանը ճնշման է ենթարկվել ցուցմունք տալուց հետո, և նույն Ավագիմյանը հայտարարել է, թե Ավանեսյանը ոստիկանության աշխատակից է, ու նրան կստիպեն հրաժարվել իր ցուցմունքից:
«Այդպես էլ եղավ, նրան լռեցրեցին, հակառակ դեպքում 30-ից ավելի անձ, այդ թվում՝ Գլխավոր դատախազը, զինդատախազը, մարզային դատախազը, ՌՈ պետը, չակերտավոր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հանցագործ հատուկ քննչական ծառայության պետ, գեներալ Արմեն Հարությունյանը պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության», – ասել է մեր զրուցակիցը:
Մարտիրոսյանը շեշտել է, որ Ավանեսյանի՝ պաշտոնապես հաստատված ցուցմունքով, 24 զինծառայող Սարուխանյանի սպանությունից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի Ռազմական ոստիկանություն, որտեղ 10 օր խոշտանգվել են՝ ստիպելով նրանց կեղծ ցուցմունքներ տալ:
«Որտե՞ղ էին փաստաբաններ Գրիգորյանն ու Ավագիմյանը, չէի՞ն տեսնում, որ իրենց պաշտպանյալներին խոշտանգում էին՝ ոչ մի ձայն չեն հանել այս մարդիկ: Ի՞նչ անեն զինվորները այս մսաղաց համակարգի դեմ», – ասել է փորձագետը: