ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանը Արեշի 5-րդ փողոցում շքեղ առանձնատուն ունի, նա և իր ընտանիքի անդամները շրջում են «Մերսեդես G550», «Բենթլի», «Պորշ», «Ռենջ Ռովեր», «Տոյոտա Պրադո» մեքենաներով: Այս մասին իր այսօրվա առաջնորդողում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Սշոտ Սհարոնյանը չի պատասխանել թերթի այն հարցին, թե ում անունով է գրանցված առանձնատունը և մեքենաները, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։
«ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։ Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օրենքից։ Եվ ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի», «Պորշ», «Ռենջ Ռովեր»…: Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում: Բացառված չէ, որ հետագայում պարզվի, թե տունը, ինչպես Իշխան Զաքարյանի պալատը, օտարերկրյա ներդրում է», – գրում է թերթը։
«ՀԺ»-ն նշում է, թե խոսակցություններ կան, որ Ռոմա Մկրտումյանը բիզնես է անում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ: