Եթե «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի Հանրապետության 20% բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին տալու հարցում վտանգ լիներ, նման հարց բանակցությունների սեղանին չէր լինի: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Եթե այդ գործարքը ՀՀ կառավարության, Հայաստանի ժողովրդի համար շահավետ կլինի, կանենք, եթե՝ ոչ, չենք անի: Որևէ մեկը մեզ ո՛չ ստիպում է, ո՛չ պարտադրում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դա բանակցությունների սցենարներից մեկն է:
Հարցին՝ ինչպիսին պետք է լինի գործարքը, որ Հայաստանի համար շահավետ համարվի, Մովսիսյանը պատասխանել է. «Չկա այնպիսի մի սահմանագիծ, որ ասենք՝ այստեղից անցնի… Դա կոմպլեքս խնդիր է, գազամատակարարումը միայն գազի սակագինը չէ: Մեծ խնդիրներ են, բոլոր հարցերը կքննարկենք, եթե մեզ ձեռ կտա, կանենք»:
Նախարարը վերահաստատել է, որ այս պահին որևէ գործարք կատարված չէ: Նրա խոսքով՝ նախատեսվում է բանակցություններն ավարտել մինչև ամսվա վերջ:
Արմեն Մովսիսյանը կարծում է, որ եթե 100 տոկոս բաժնեմասն անցնի «Գազպրոմին», դա որևէ բան չի փոխի, քանի որ «համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանում էներգամատակարարման գործառույթները լիցենզավորված գործառույթներ են համարվում»:
«Համակարգն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում: Այսինքն, նրա և՛ աշխատանքը, և՛ ֆինանսական ամբողջ հոսքերը մեր կողմից են կարգավորվում: Դրա համար, թե ով կլինի 100 տոկոսի տերը, որևէ նշանակություն չունի: Պետք է աշխատի ՀՀ կողմից տրված լիցենզիայի սահմաններում և հանձնաժողովի կարգավորման դաշտում»,- նշել է նա:
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ»-ը ձգտում ամբողջ բաժնեմասի տերը լինել, նախարարը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ուզում է»:
Ավելի վաղ ռուսական կողմը տեղեկացրել էր, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են «Գազպրոմ»-ի մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ»-ում ավելացնելու հարցը: