Մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում կազմակերպված բողոքի ակցիային խոչընդոտելու կամ կանխելու հրաման ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին չի տրվել, առավել ևս այդպիսի մտադրություն չի էլ եղել: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ-ի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին (ՀՔԱ) ուղղված պատասխանում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարին խնդրել էր պարզաբանել, թե ով կամ ովքեր էին զինված ուժերի ստորաբաժանումներին հրամայել իրենց մշտական տեղակայման վայրից Երևան-Սևան մայրուղի տեղափոխվել: Հիշեցնենք, որ այդ օրը զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որոշել էին որդու դին բերել Երևան և բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության մոտ, սակայն Սևան քաղաքից ներքև նրանց ճանապարհը փակել էին ոստիկանության ուժերն ու զինվորականները, դեպքի վայր էին մեկնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
«ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկություն ստանալով, որ Երևան-Սևան մայրուղում մարդկային մեծ կուտակումներ կան, որը էական դժվարություններ կարող էր առաջացնել ինչպես զինվորական ավտոշարասյունների ռազմավարական տեղաշարժերին, այնպես էլ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ հրատապ միջոցառումների իրականացմանը, այդ իսկ պատճառով ՊՆ ռազմական ոստիկանության բաժնի համապատասխան աշխատակիցները մեկնել են այնտեղ և ընդամենը փորձել են պարզաբանել», – ասված է ՀՀ ՊՆ պատասխանում:
Տարածած հաղորդագրության մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ թերևս ավելի ընդունելի կլիներ, եթե ՀՀ պաշտպանական գերատեսչությունն այս անօրինական հրամանը բացատրեր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով զինվորական ստորաբաժանումների տեղափոխման անհրաժեշտությամբ, նաև նշեր, որ ՊՆ նախաձեռնությամբ նմանատիպ ուշադրության կարժանան զինվորական ծառայության ընթացքում մահացած բոլոր զինծառայողները և նրանց ընտանիքները՝ անկախ մահվան պատճառներից և ընտանիքի գործողություններից:
«Փոխարենը գերատեսչությունը կրկին արդարացնում է զինված ուժերի ապօրինի կիրառումը սեփական քաղաքացիների դեմ և որպես հիմնավորում ներկայացնում առնվազն անտրամաբանական պատճառաբանություններ:
Պատասխանից թերևս պետք է ենթադրել, որ Գեղարքունիքի և Տավուշի մարզի քաղաքացիները մինչ Սևան-Երևան մայրուղով խմբակային ենթևեկության մեկնելը, նախապես պետք է ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ձեռք բերեն հնարավոր զինվորական տեղաշարժերի մասին, հակառակ դեպքում՝ կարող են ենթարկվել ռազմական ոստիկանության և զինվորական ստորաբաժանումների կողմից անակնկալ շրջափակման», – ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ: