Վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու մասին օրենքի փոփոխության նպատակը արագաչափի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է, այլ ոչ թե վարչական տույժի տեսակի խստացումը: Նման պարզաբանում է տարածել այսօր Ճանապարհային ոստիկանությունը՝ անդրադառնալով օրենքի մասին քննարկումներին:
«Մասնավորապես, նշված հոդվածի գործող խմբագրության 1-ին մասից հանվում է արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը: Համապատասխանաբար, 10-ով նվազեցվում են արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը՝ 10 կմ/ժ-ը կիրառելի է դարձվում հոդվածի բոլոր մասերի նկատմամբ: Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով)»,- ասված է հայտարարության մեջ:
Օրենքի փոփոխությանն անդրադարձել էր այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը, որի մեկնաբանության համաձայն, օրենքի ընդունման հետ կշատանան վարորդներից գանձվող գումարները:
«Եթե մինչ այժմ սահմանված արագությունը թույլ էր տրվում գերազանցել մինչև 10 կմ/ժամով, ապա եթե նախագիծն ընդունվի, ինչում գրեթե պետք չէ կասկածել, սահմանված արագության գերազանցումը անգամ 1 կմ/ժ-ով, առաջացնելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Եթե մինչև 50 կմ/ժ արագությամբ երթևեկելու նշանից հետո վարորդները կարող էին մեքենան վարել մինչև 60 կմ/ժ արագությամբ և չտուգանվել, ապա նախատեսվող փոփոխությունից հետո կտուգանվեն անգամ 51 կմ/ժ-ով երթևեկելու դեպքում։ Եվ այս օրինաչափությունը գործելու է մնացած բոլոր դեպքերում։ Մտավախություն կա, որ նման օրենք ընդունելով՝ էլ ավելի մեծ չափերի կհասնեն արագաչափերի տեղադրումից հետո վարորդներից գանձվող միլիոնավոր դրամների տուգանքները»,- ասված է օրաթերթի այսօրվա համարում: