Home / Հայաստան / Վարչապետը նախարարներից պահանջում է անպատասխան չթողնել մեղադրանքները

Վարչապետը նախարարներից պահանջում է անպատասխան չթողնել մեղադրանքները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ շահագրգռված է, որպեսզի Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված բոլոր խախտումներն անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ: Այս մասին Սարգսյանն ասել է այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում:

«Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Սա առաջինը։

Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային Ժողովում։ Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են։ 

Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը՝ 700 մլրդ է. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը։

Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. հանձնարարում եմ բոլորիդ և պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որևիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին. կամ հերքել, կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են և դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք», – դիմելով նախարարների և գերատեսչությունների ղեկավարներին՝ հայատարարել է Տիգրան Սարգսյանը: