Home / Հայաստան / Ինչից է սկսվել միջադեպը. ՀԱԿ պատգամավորին դուր է եկել ԱԺ-ում լրագրողի պահվածքը

Ինչից է սկսվել միջադեպը. ՀԱԿ պատգամավորին դուր է եկել ԱԺ-ում լրագրողի պահվածքը

Լրագրող Գոհար Վեզիրյանն իրեն հրաշալի է պահել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ լրագրողի վիճաբանությանը:

«Էդ տղան (Վարդան Այվազյանը – Epress.am) իրեն շատ դուխով էր պահում: Իրենք սովոր են աղջկան վիրավորել, հայհոյել, անգամ ձեռքերն օգտագործել: Գռեհկություն, անքաղաքավարություն, ուրիշ ի՞նչ կարելի է ասել, ինչպե՞ս կարելի է գնահատել տղամարդուն, որը հայհոյում է կնոջը, այն էլ՝ ժուռնալիստին՝ բաց էկրանների դիմաց», – ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է Մանուկյան-Այվազյան լեզվակռվի ընթացքում վերջինիս մի քանի անգամ հնչեցրած արտահայտությանը, թե՝ «ինքը կարմիր դիպլոմով գռուզչիկ է աշխատել ու Մանուկյանի պես միանգամից մինիստր չի աշխատել», պատգամավորը  պատասխանել է. «Հասարակությունում Վարդանին ու նրա նմաններին չեն սիրում նրա համար, որ մարդիկ մի կյանքի ընթացքում ապրում են մի քանի կյանք: Եթե մարդը 3-4 կուսակցություն է փոխում, 3-4 քաղաքական կուրս է փոխում և մոռանում է իր նախկին կենսագրությունը, այդ մարդուն երբեք որևէ մեկը չի հարգի: Այդ մի քանի կուսակցություն  փոխած մարդիկ այնպես են շողոքորթում, այնպես են քծնում  այս իշխանությանը, որ անգամ էն գլխից ՀՀԿ-ական եղածները  այդպես չեն քծնում: Նույնիսկ ՀՀԿ-ում չեն սիրում այս ձևի քծնողներին, որոնք այլ թիմերից եկել են ու իրենց քծնում են՝ արդարացնելով իրենց մանդատ ստանալը»,- ասել է Մանուկյանը:

Նա նաև ընդգծել է, որ իր ու Այվազյանի միջև պարզ ու հասարակ վեճը ծագել է այն պատճառով, որ շուրջ մեկուկես տարի ինքը անընդմեջ կրկնում է՝ «թե պատգամավորը  իրավունք չունի բիզնեսով զբաղվելու»:

«Էսօրվա մեր պառլամենտի հանրապետականի կեսից ավելին բիզնես ունի, դա չեն թաքցնում, միլիոնատերեր են և դեռ պարծենում են, որ իրենք բիզնես ունեն՝ «բա ո՞նց անենք, բա մեր երեխեքն ի՞նչ են ուտելու, բա որ մենք տուն չսարքենք, մեր երեխեքը որտե՞ղ են ապրելու»: Իմ վեճը ամենևին որևէ մեկի անձի հետ չէ, իմ ասածը հետևյալն է՝ «պահեք օրենքը, մանդատից օգտվելով մի գողացեք, թողեք մանդատը, գնացեք՝ ինչ ուզում եք արեք: Եվ եթե այսօր Այզվազյանը իրեն գրուզչիկ է հայտարարում, ինձ թվում է՝ մինչև հիմա էլ մնացել է այդ կարգավիճակում», – եզրափակել է պատգամավորը: