Հայաստանի իշխանությունները նման են տուն բերած «գեշ» հարսին. ինչ կար տանը ծախեց` փոխարենը ոչինչ չտալով: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես քաղաքական գործիչ ինչ է պատրաստվում անել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ Մոսկվայում վարվող բանակցությունների ընթացքում «ՀայՌուսգազարդին» պատկանող 20% բաժնեմասն օտարելու կապակցությամբ:
«Ոչ միայն Էներգետիկայի նախարարը, այլ ամբողջ կառավարությունը և «ՀայՌուսգազարդը» կորցրել են իրենց հիշողությունը, չգիտեմ՝ դա ինչ հիվանդություն է կոչվում, արդեն երկու շաբաթ բոլոր տարբերակներով փորձում եմ ճշտել՝ ե՞րբ է ստորագրվել պայմանագիրը, մինչև հիմա չեմ հասել հաջողության ու դիմելու եմ ռուսական կողմին՝ փորձելով ստանալ շատ սովորական այդ տեղեկությունը:
«Մի բան հստակ է, ակնհայտ է՝ այդ պայմանագիրը ստորագրվել է շուտ, նախագահական ընտրություններից առաջ: Այս կարգի հանցագործ գործարք անել ժողովրդի թիկունքում, ինչի բացահայտումը կբերեր ժողովրդի խիստ դժգոհության ընտրություններից առաջ: Իրենց ընդամենը պետք էր թաքցնել դա՝ մինչև կավարտվեին ընտրությունները: Հետևողական եմ ու փորձելու եմ այդ պայմանագիրը վերցնել, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել», -ասել է Մանուկյանը:
Թե որքան կտուժի Հայաստանը 20% բաժնեմաս օտարելու դեպքում, Մանուկյանը պատասխանել է՝ «ավելին, քան դուք պատկերացնում եք»:
«Դրանով մենք ոչ միայն գազի մեր մասնաբաժինն ենք տալիս, այլև մեր սուվերենության բաժինը: Գազը, էլեկտրաէներգիան քաղաքականության մեջ լուրջ, ծանր գործիքներ են, և եթե այդ գործիքը դու 100 տոկոսով տալիս ես Հայաստանից դուրս որևէ այլ սուբյեկտի, ապա ուրիշի ես տալիս քո խոսելու, բանակցելու իրավունքը, և սա նշանակում է, որ դու ոչ միայն այդ, այլև քաղաքական դաշտում դու ուղղակի որպես խաղացող, որպես սուվերեն, բանակցող կողմ ոչնչանում ես: Սա դավաճանական, հակապետական գործարք է հայ ժողովրդի թիկունքին», – ասել է Մանուկյանը: