Հայաստանի քաղաքացի, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփի հարազատները դիմել են Հայաստանի Սփյուռքի նախարարություն՝ խնդրելով աջակցել նրան Հայաստան տեղափոխելու հարցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
32-ամյա Արա Հոսեփը, ինչպես հարազատներն են վկայում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով է մուտք գործել Թուրքիա:
Նա հունիսի 14-ից գտնվում է Էրզրումի օտարերկրացիների համար նախատեսված բանտում: Արան Երևան-Հալեպ միկրոավտոբուսի վարորդն է. նրա վարած ավտոմեքենան անցած ուրբաթ Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային: Պատահարի հետևանքով Հալեպ ուղևորվող հայազգի 8 ուղևորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, զոհեր չկան: Իսկ թուրքական տաքսի ծառայության երկու ուղևորները՝ վարորդի մայրն ու քույրը, տեղում մահացել են: Թուրք վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
«Ազատության» փոխանցմամբ՝ Արայի հարազատները կապվել են նրա թուրք փաստաբանի հետ: Այսօր Սփյուռքի նախարարություն եկած Արայի հարսնացուն՝ սիրիահայ Սոսե Դալքլջյանն ասում էր, որ փաստաբանը 6 հազար դոլար է պահանջել Արային ազատ արձակելու համար: Սոսեի խոսքով` փաստաբանը նշել է, որ իրականում Արան մեղավոր չէ, ավտովթարը տեղի է ունեցել թուրք տաքսիստի մեղքով։
Ընտանիքը նման գումար չունի: Նրանք անհանգստանում են Արայի անվտանգության համար, թեև նշում են, որ փաստաբանը վստահեցրել է, որ Արան անվտանգության նկատառումներից ելնելով թուրք բանտարկյալներից առանձին է պահվում: Մինչև նրա ձերբակալությունը, ինչպես Սփյուռքի նախարարությանը պատմել են հայ ուղևորները, տեղի թուրքերը փորձել են հարձակվել հայ վարորդի վրա: Եվ միայն ոստիկանների միջոցով են կարողացել կանխել հարձակումը:
Միկրոավտոբուսի մեջ են եղել նաև Սոսեի եղբայրը՝ կնոջ ու երեխաների հետ: Ավելի վաղ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնը հաղորդել էր, որ տաքսու վարորդը մահացել է: Սոսեն, սակայն, ասում է, որ վարորդը կենդանի է և նա ևս գտնվում է բանտում:
Սփյուռքի նախարարության մերձավոր և միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը Սոսեի հետ հանդիպմանը նրան ասաց, որ Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ավելի է վատթարացնում իրավիճակը հատկապես տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:
Ստամբուլում տպագրվող «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով զրուցել է Արայի թուրք փաստաբանի հետ: Ըստ Էստուկյանի՝ պատահարի համար մեղավոր է առաջին հերթին ճանապարհային ընկերությունը, այնուհետև թուրք վարորդը:
«Արայի մեղքն այս հարցում չնչին է»,- «Ակոսի» հայկական էջի խմբագրին է փոխանցել փաստաբանը. «Հիմնական պատճառը ճանապարհի անհարմարությունն է, երկրորդ մեղավորը եղել է զոհվածների վարորդը։ Այսինքն Հայաստանի քաղաքացին ամենանվազ մեղավորն է համարվում, այն էլ գծի խախտում կատարելու համար»։
Ըստ էության, Հայաստանի քաղաքացին այս գործով մեղադրյալի կարգավիճակ չունի: Փաստաբանի փոխանցմամբ, իրաքահայ վարորդին պահում են անազատության մեջ, քանի որ նա Թուրքիայի քաղաքացի չէ, բնակության հասցե չունի, և ենթադրում են, որ ազատ արձակելու դեպքում կարող է խուսափել դատավարությունից:
Էստուկյանը նշում է, որ փաստաբանն առաջարկել է մի ելք, որով հնարավոր կլինի մինչև դատավարությունը ազատ արձակել Հայաստանի քաղաքացուն: Եթե որևէ մի կազմակերպություն երաշխավորի, որ Արան, ազատ արձակվելով, չի խուսափի դատավարությունից, ապա դատական իշխանությունը ազատ կարձակի նրան:
Փաստաբանը «Ակոսի» խմբագրին փոխանցել է, որ դատական նիստը կկայանա 2-3 ամիս հետո, որից հետո Արային ազատ կարձակեն այս հարցում մեղավորություն չունենալու պատճառով: