ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը դժգոհ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից՝ իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի համար: Ղուկասյանն այդ առնչությամբ նամակ է հղել ԿԳ նախարարին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Հանրային խորհրդին, որի երեկվա նիստում նամակը քննարկվել է:
Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, և իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է նաև ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և Քաղծառայության խորհրդի նախագահին:
Համաձայն Հանրային խորհրդի հաղորդագրության, Խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է Խորհրդի անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ: