«Սթրես-կենտրոն» հոգեբուժական հիմնարկի` գործազուրկ դարձած աշխատակիցները պատրաստվում են դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ինչո՞ւ և ու՞մ պատճառով է փակվել բուժհիմնարկը և ինչո՞ւ մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել կենտրոնի 42 աշխատակիցներին հացից զրկելու համար:
Epress.am-ի հետ զրույցում նախկին աշխատակիցներից մի քանիսը պատմել են, որ կենտրոնի ղեկավարությունը իրենց խուսափողական պատասխաններ է տվել:
Նախկին բուժաշխատողների խոսքով՝ մինչ օրս իրենք չեն կարողանում պարզել՝ ինչպես կարող էին հոգեբուժական ծառայություններ մատուցող հիմնարկը հանել աճուրդի:
«Օրենսգրքում չկա նման կետ, որ հոգեբուժական հիմնարկ, որը գտնվում է Սոցապ նախարարության հսկողության ու պետական հովանավորության տակ, դրվի աճուրդի: Եթե պետական պարտքեր ունեին ու ասում են՝ բանկրոտի է ենթարկվել, թող տվյալ ղեկավար կազմին ենթարկեն պատասխանատվության: Ի՞նչ է նշանակում 42 հոգու թողնել առանց աշխատանքի:
1,5 տարի ա՝ ձգձգում են, ինձ թվում ա, որ աշխատավարձի ցուցակում մեզ 2 տեղ արդեն ստորագրել են տվել: Մայիսի աշխատավարձերը տալու ժամանակ գանձապահը ասաց՝ «ստեղ էլ ստորագրի», մենք էլ, երկար տարիներ աշխատած լինելով, կասկածներ չունեինք, որ այդ մարդիկ նման կերպ կվարվեն հետներս, ու մեխանիկորեն ստորագրեցինք», – ասել է բուժաշխատող Բելան:
Վերջինիս շատ է զարմացրել գանձապահի պատասխանը, երբ օրեր առաջ նույն խնդրով դիմել են նրան:
«Ասաց՝ «ի՞նչ ա, մենք ձեզ ըսկի լավություն չե՞նք արել, 2 տարի առաջ պիտի փակվեր հիվանդանոցը, դուք 2 տարի ավել աշխատեցիք», դեռ մի բան էլ մենք պետք է շնորհակալ լինենք: Նաև ավելացրեց, թե՝ չեք կարող ապացուցել, որ չեք ստացել, այնինչ մի ամիս առաջ ասաց, թե տղամարդու խոսք է տալիս, որ կվճարի մեր պարտքերը», – ասել է նախկին բուժաշխատողը:
Բողոքող բուժաշխատող Գյուլվարդն էլ ավելացրել է, որ կենտրոնը ամբողջությամբ վճարել է այն աշխատակիցների աշխատավարձերը, ումից վախեցել է, մինչդեռ «անռիսկները» հայտնվել են անորոշ վիճակում՝ «կասիր Մովսեսը տնօրենի վրա է գցում, տնօրենն էլ՝ կասիրի, կարուսելի մեջ ենք»:
Նշենք, որ «Սթրես-կենտրոնում» տարիներ շարունակ բուժում են ստացել ազատամարտիկները, երկրաշարժից տուժածները ու բոլոր նրանք, ով ունեցել են կենտրոնում ցուցաբերվող օգնության կարիքը, սակայն, ինչպես ավելի վաղ Epress.am-ին պատմել էր բուժաշխատող Լարիսա Քալանթարյանը, հիմնադիր տնօրեն Ադա Թադևոսյանի հրաժարականից հետո նոր ղեկավար Սամվել Սուքիասյանը կենտրոնը տարել է կործանման, ինչի հետևանքով աշխատակազմի մեծ մասը զրկվել է աշխատանքից, մինչդեռ «Սթրես-կենտրոնի» փակվելուց հետո «Արթմեդում» փոքր բաժանմունք է գործում, որտեղ «Սթրես-կենտրոնի» նախկին աշխատակիցներից շատերը աշխատանքի են անցել: